Տեսազանգեր, աուդիո զանգեր ու մի շարք այլ ծառայություններ առաջարկող հայկական արտադրության Zangi հավելվածը կարող է փոխարինել մեծաթիվ հայերի կողմից օգտագործվող Skype-ին և Viber-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը նշեց, որ իրենք, առանց համեստության, աշխարհի տեխնոլոգիական առաջատարներից են հեռահաղորդակցության ոլորտում և մի շարք չափանիշներով գերազանցում են վերոնշյալ ծրագրերին:
Վահրամ Մարտիրոսյանի տեղեկացմամբ' նմանատիպ հավելված ստեղծելու գաղափարն առաջացել է մոտ 5 տարի առաջ, երբ տեղի ունեցավ սմարտֆոների հեղափոխությունը, իսկ թվային կապը տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաներում թրենդային ուղղություն էր դառնում: Zangi-ի թիմն այդ ժամանակ սահմանափակ ռեսուրսներ ունենալու պատճառով մեծ քայլեր չարեց' իր գործունեության շեշտադրումը հիմնականում դնելով դրսի պատվերների իրականացման վրա: Միաժամանակ, մշակվեցին Zangi համակարգի համար անհրաժեշտ գործիքները, ու այժմ այն թվային կապի օպերատոր է, որի սերվերները դրված են աշխարհով մեկ:
«Փորձեցինք քայլ առ քայլ զարգանալ, ճիշտ է այդ գործընթացը մեզ մոտ երկար տևեց, եթե ավելի շատ ռեսուրս ունենայինք, ավելի շուտ հաջողության կհասնեինք: Այժմյան համաշխարհային լիդեր դարձած Whats up-ը, Viber-ը, Tango-ն կամ Line-ը, սկսել են մեզ հետ միաժամանակ, գաղափարն էլ իրենց մոտ այդ ժամանակ առաջացավ' մի քանի ամիսների տարբերությամբ' հնարավոր է մի քիչ ուշ կամ շուտ: Իրենք ավելի շատ ռեսուրս ունեին, արագ աճեցին, բայց մենք էլ հետ չմնացինք, հետ մնացինք բիզնեսի առումով, բայց տեխնոլոգիական առումով բավականին լուրջ լուծումներ ունենք»,-ասաց նա:
Վահրամ Մարտիրոսյանի խոսքով' իրենց հիմնական նորարարությունները կապված են ինտերնետ տրանսպորտի հետ: «Մենք լավացրել ենք ինտերնետ-տրանսպորտի տեսակը, Zangi-ն նույն ինտերնետ ալիքով կարողանում է տեղափոխել մոտ 20 տոկոս ավելի շատ տվյալներ: Եթե այս տեխնոլոգիայով ինչ-որ ֆայլ բեռնեք կամ ներբեռնեք, ավելի արագ կլինի: Տեսազանգերի ժամանակ հենց այդ տեխնոլոգիան է օգտագործվում: Ինտերնետում տվյալների փոխանցման ժամանակ կան կորուստներ' 10-20 տոկոսի չափով, և մեր մյուս նորարարությունը կորուստների վերականգնումն է: Տրանսպորտի տեսակների մեջ է հաջորդ նորարարությունը, կարող են ավելի լավ պայմաններով տեղափոխել ինտերնետ-տվյալները»,-նշեց Վահրամ Մարտիրոսյանը' հավելելով, որ Zangi հավելվածը միայն այսբերգի երևացող գագաթն է:
Ծրագրի հիմնադրի խոսքով' իրենց տեխնոլոգիայի ներուժի մի մասն է դեռ ռեալիզացվել ու իրենք ներկայում աշխատում են ծառայությունների որակի կատարելագործման վրա: «Մենք առաջինն ենք աշխարհում, որ հեռախոսների կամ պլանշետների վրա ունենք 720p վիդեոստանդարտ: Դա հեռուսատեսային ստանդարտ է, շուտով Ipad-ի վրա կլինի 720p-ն App store-ում, այսինքն' ուղիղ հեռարձակմամբ տեսանյութերը հնարավոր կլինի նայել այնպես, ինչպես արդեն տեսագրված տեսահոլովակը: 2015-ի կեսերին կունենանք full HD 1080p, այսինքն' տանում ենք նրան, որ ուղիղ տեսանյութը ստատիկ տեսանյութից չտարբերվի»,-ասաց Zangi -ի հիմնադիրը:
Բացի այդ' Zangi-ում շուտով կմտնեն այլ ծառայություններ ևս' հաղորդակցությունների կառավարում, որը հնարավորություն կտա ձայնագրել, տեսագրել հավելվածի միջոցով, իսկ ամբողջ ձայնագրությունները կպահվեն Zangi-ի ամպային պահոցներում, հնարավորություն կլինի վերնագրել ձայնագրությունը, իսկ փնտրման կոճակի միջոցով անհրաժեշտ ձայնագրությունը հնարավոր կլինի հեշտորեն գտնել:
Ինչ վերաբերում է անվտանգության բաղադրիչին, ապա Zangi-ի դեպքում բազմաշերտ անվտանգության համակարգ է կիրառվում: «Սկսած սովորական կոդավորման համակարգերից մինչև դինամիկ բանալիների համակարգ, որ ամեն ժամանակ մի բանալի է օգտագործվում, հետո փոխվում է և, եթե այդ բանալին գտնեն, հաջորդը չեն կարող: Շատ դժվար կլինի Zangi-ի համակարգը կոտրել ու լսել: Skype-ի համեմատ' մի շերտ ավելի անվտանգ է մերը»,-փաստեց Վահրամ Մարտիրոսյանը:
Zangi-ին տալիս է հնարավորություն ինտերնետի բացակայության պայմաններում կապ հաստատել համակարգի օպերատորի հետ ու նրա միջոցով միանալ նրան, ում ցանկանում ես: Վահրամ Մարտիրոսյանի տեղեկացմամբ' դա կփոխարինի զբոսաշրջային քարտերին:
Zangi-ն հասանելի է Անդրոիդ ու iOS հարթակների, ինչպես նաև Վինդոուս ֆոնի ու մինչ տարեվերջ բոլոր հարթակների համար:
Zangi հավելվածն արդեն 50 հազար ակտիվ օգտատեր ունի, այն բարձր ռեյտինգ է գրանցել Անդրոիդ մարկետում: Հավելվածը լայն տարածում ունի Քուվեյթում, Բահրեյնում, Սլովակիայում, Ղազախստանում, մարտի սկզբներին մարքետինգ կարվի Ռուսաստանում, իսկ մարտի կեսերին' Հայաստանում:
«Հայկական շուկան մի առաձնահատություն ունի մեզ համար. այն հաղորդակցություն է, և քանի որ մենք մեծ սփյուռք ունենք, եթե Հայաստանից մեկ օգտվող ունենանք, արտասահմանից կունենանք 2 օգտատեր»,-ասաց Վահրամ Մարտիրոսյանը' հույս հայտնելով, որ մինչև 100 հազար օգտատեր կարող են ունենալ Հայաստանից, իսկ ընդհանուր առմամբ' ակնկալում են միլիոնավոր օգտատերեր առաջիկայում: