Դատելով վերջին շրջանում համաշխարհային հանրության կողմից ղարաբաղյան հարցի նկատմամբ դրսևորվող աննախադեպ հետաքրքրասիրությունից` այս թեմայի՝ համաշխարհային լիդերների կողմից խիստ հաճախակի դարձած արծարծումներից և այն վտանգավոր լռությունից, որի քողի ներքո էլ տեղի են ունենում բանակցությունները' սխալված չենք լինի, եթե եզրակացնենք, որ ղարաբաղյան հարցի շուրջ ընթացող բուռն գործընթացները հետզհետե թևակոխում են Հայաստանի համար խիստ անցանկալի մի փուլ, որից այն կողմ հետդարձի ճամփա, պարզապես, չենք ունենալու: Կարծես արհեստականորեն հասունացնում են ազատագրված շրջանների վերադարձն Ադրբեջանին, որի դիմաց հայկական կողմի ստացածը լինելու է ընդամենը սահմանների ապաշրջափակումը:
Այն, որ ռուսներն այս ուղղությամբ խիստ վճռական են տրամադրված, փաստում է հենց Պուտինի մերձավոր շրջապատից՝ Մարկովի ելույթը, ուր ռուս չինովնիկը վստահություն է հայտնել, որ ընթացիկ տարում գլուխ են բերելու ազերիներին հողերի հանձնումն ու, իր ձևակերպմամբ, ադրբեջանցիներն ի վիճակի են լինելու վերադառնալ իրենց ավերված օջախները: Այլ կերպ ասած' ռուսները պատրաստվում են Հայաստանին ու Արցախին պարտադրել լավրովյան սկզբունքներն ու ստիպել հայկական կողմերին՝ կապիտուլացվել Բաքվի կողմից: Բայց Բաքուն ու Մոսկվան ինչպիսի պլաններ էլ ունենան մշակած, ակնհայտ է մեկ բան' նրանց ոգևորությունը դեռևս ժամանակավրեպ է, իսկ հարցը սուս-փուս լուծելու մղումը' դատապարտված ձախողման:
Մի գիշերվա մեջ թունդ «քիրվաներ» դարձած այս երկրները մոռացել են, որ իրենք միակը չեն տարածաշրջանում' իրենց շահերով հանդերձ, ու, ասենք, կա նաև Իրան, որը, մեղմ ասած, այնքան էլ չի սատարում «լավրովյան» կոչվող այդ մարազմատիկ ծրագրի սկզբունքներին:
Ինչպես կարելի է դատել այս ողջ ընթացքում իրանական կողմից տարբերմակարդակներով հնչեցվող հայտարարություններից՝ Թեհրանում խիստ մտահոգված են' կապված Երևանի կողմից ազերիներին Արցախին հարակից 5 ազատագրված շրջանի հանձնման մասին լուրերից' համարելով արցախյան խնդրի նմանօրինակ կարգավորումն ուղղակի հակասող իրենց ազգային-պետական շահերին (փաստորեն պարսիկները որոշներից ավելի շատ են մտածում արցախցիների ապագայի մասին):
Իրանը պատրաստ չէ սեփական սահմանին նման դարակազմիկ փոփոխությունների և փորձում է ինչ-որ կերպ ազդել ընթացող բանակցությունների վրա' բացառելու համար անկանխատեսելի հետևանքներով լեցուն նմանօրինակ արկածախնդրությունը: Որոշ վերլուծաբաններ այն կարծիքին են, որ օգոստոսին Պուտինի՝ Բաքու կատարելիք այցի ժամանակ Ռոհանիի Բաքվում գտնվելը նպատակ է ունենալու կանխել ԼՂՀ ազատագրված 5 շրջանը ազերիներին վերադարձնելու մտադրությունը:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա վստահաբար կարելի է ասել, որ ինչ իշխանություն էլ այստեղ լինի, ովքեր էլ ստանձնած լինեն երկրի ղեկավարումը, չեն կարող Արցախի ժողովրդի կամքին հակառակ վերցնել ու հողեր նվիրել թշնամուն. ինքը' արցախցին, դա թույլ չի տա պարզապես:
Իրականում այս պարզ ճշմարտությունը հրաշալիորեն գիտակցող հայաստանյան իշխանություններն ընկել են խիստ ծանր կացության մեջ ու ինչ-որ կերպ փորձում են ելք գտնել անելանելի թվացող վիճակից' ակնհայտորեն ջանալով խաղի մեջ ներքաշել նաև Թեհրանին. որքան էլ իշխանություները պնդեն, թե որևիցե կապ չկա Հովիկ Աբրահամյանի' Իրանից եկող գազի ծավալներն ավելացնելու վերաբերյալ այդ երկրի առաջին փոխնախագահին դիմելու և նույն օրն Ադրբեջանում Լավրով-Ալիեւ-Մամեդյարով հանդիպման միջև, ակնհայտ է, որ սա յուրօրինակ «մեսիջ» էր' ուղղված ռուսներին առ այն, որ հավանական է' ինչ-որ պահի Երևանը սկսի լրջորեն դիտարկել Թեհրանի թեկնածությունը՝ որպես այլընտրանք Ռուսաստանին, ինչն, անկասկած, կարող է դուրս մղել Մոսկվային այս տարածաշրջանից. թուրքի հետ դեռևս ոչ ոք երկար ճանապարհ չի գնացել…
Թե ինչ հունով կզարգանան գործընթացները՝ ցույց կտան առաջիկա ամիսները, բայց որ Թեհրանի աշխուժացումը խիստ ձեռնտու է հայկական կողմին, ակնհայտ է. պարսիկները երբեք չեն վստահել ազերիներին ու, չնայած արտաքուստ ջերմ թվացող հարաբերություններին, այս երկու երկրների հարաբերությունները երբևիցե ստրատեգիական բնույթ չեն կրել ու չեն կրի, քանզի հզոր Ադրբեջանն ուղղակի սպառնալիք է Իրանին՝ թե՛ աշխարհաքաղաքական,թե՛ ռազմաքաղաքական առումներով:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ