Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը Բաքու կատարած պաշտոնական այցի շրջանակում այսօր հանդիպումներ եւ բանակցություններ է անցկացրել Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի եւ Նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, հանդիպումների արդյունքներով անցկացված մամուլի ասուլիսում Մամեդյարովը նշել է երկկողմ հարաբերություններում դրական դինամիկա լինելու մասին: Վերջին երկու տարիներին երկու երկրների նախագահները հանդիպել են 4 անգամ, երկու երկրներից մոտ 20 նախարարներ փոխադարձ այցեր են կատարել:
Անդրադառնալով բանակցությունների թեմային' Մամեդյարովը նշել է, որ շոշափվել են հարաբերությունների բոլոր ոլորտները, այդ թվում' քաղաքականությունը, էկոնոմիկան, մշակույթը, ինչպես նաեւ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Իրանի միջեւ եռակողմ շփումները, Կասպից ծովի իրավական կարգավիճակը, էներգետիկան, երկաթուղային հաղորդակցությունը եւ այլն:
«Հաջորդ շաբաթ մի քանի իրանցի նախարարներ կայցելեն Ադրբեջան, իսկ Բաքվից պատվիրակություն կայցելի Իրան: Այդ բոլորն ավելի կամրապնդեն երկկողմանի հարաբերությունները», -ասել է նա' նշելով, որ նախապատրաստվում է նաեւ Ադրբեջանի, Իրանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպում:
Մամեդյարովի խոսքով' քննարկվում է երկու երկրների միջեւ Աստարայով երկաթուղային հաղորդակցություն բացելու գաղափարը: «Այդ ուղով Իրանը ցանկանում է ելք ստանալ Ռուսաստան եւ Եվրոպա: Ինչ վերաբերվում է Կասպից ծովի կարգավիճակին, ապա մարտին մերձկասպյան երկրների հնգակողմ հանդիպում տեղի կունենա», -ասել է Մամեդյարովը:
Իր հերթին Մ.Ջ.Զարիֆն ասել է, որ Թեհրանը բարձր է գնահատում Բաքվի հետ հարաբերությունները եւ կուզեր դրանք ամրապնդել միջազգային կազմակերպությունների եւ տարածաշրջանային համագործակցության շրջանակում:
«Կասպից ծովի հարցով մենք պետք է ավելի լուրջ երկկողմ բանակցություններ անցկացնենք, ինչպես նաեւ ամրապնդենք համագործակցությունը էկոնոմիկայի, տրանսպորտի, պաշտպանության, գյուղատնտեսության եւ այլ ոլորտներում», -ասել է նա: