Կառավարման և ավտոմատացման էլեկտրոնային համակարգերի մշակման ոլորտում մասնագիտացված ամերիկյան «Honeywell» ընկերությունը ցանկանում է ակտիվացնել իր գործունեությունը Հայաստանում: Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ հանդիպման ժամանակ «Honeywell» ընկերության փոխնախագահ Արթուր Սիմոնետտին ասել է, որ ընկերության կողմից առաջարկվող նորարարական լուծումները ներկայումս լայնորեն կիրառվում են տնտեսության տարբեր բնագավառներում, մասնավորապես, էներգետիկայի, բնապահպանության, առողջապահության, պաշտպանության, տիեզերական, քիմիական արդյունաբերության, ավիացիայի, տրանսպորտի և այլ ոլորտներում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Ճշմարիտյանն ընկերության ներկայացուցիչներին հայտնել է, որ Հայաստանի տնտեսական զարգացման քաղաքականությունը հենվում է գիտելիքի ու նորարարության վրա, և իր կողմից ողջունելի է այս ոլորտի հնարավոր համագործակցությունը ընկերության հետ:
«Honeywell» ընկերության փոխնախագահ Արթուր Սիմոնետտին էլ նշել է, որ Հայաստանում իրենց գործունեության առաջին քայլը եղել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ ստորագրված պայմանագիրը, որի համաձայն' «Honeywell»-ը անհատույց նվիրում է 100 ակադեմիական լիցենզավորված ծրագիր։ Ծրագրերից օգտվողները կարող են հեշտությամբ յուրացնել և փոխանցել տեխնոլոգիական գործընթացի գիտելիքները, ինչպես նաև այդ ծրագրերի շնորհիվ ուսանողները կարող են ձեռք բերել «Honeywell»-ի չափանիշներին ու պահանջներին համապատասխան գիտելիքներ և հետագայում աշխատել ընկերության հետազոտական կենտրոններում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հնարավոր համագործակցության նոր ծրագրերը' մասնավորապես էներգախնայողության, ինովացիոն քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում: