Կիպրոսի եւ Եգիպտոսի կառավարությունները կղզու հարավում գտնվող «Աֆրոդիտե» հանքահորից գազը խողովակաշարով ուղիղ դեպի Եգիպտոս հասցնելու մասին նախնական համաձայնագիր են ստորագրել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հունական մամուլն հայտնել է, որ Կահիրեում համաձայնագիրն ստորագրվել է գաղտնիության պայմաններում, ինչի պատճառով Թուրքիան չի կարողացել հակազդել:

 

Թուրքական NTV հեռուստալիքն այդ առնչությամբ հայտնել է, թե Անկարան գտնում է, որ այդ պայմանագրով «ոտնահարվել» են կղզու թուրքական հատվածում բնակվող թուրքերի իրավունքները:

 

Նոր գազատարով կիպրահունական գազը հասցվելու է Եգիպտոսի Իդկու ծովածոց: Գազատարի շինարարությունը նախատեսվում է ավարտել երեք տարվա ընթացքում: Նախագծին Կիպրոսի Hydrocarbons, ամերիկյան Noble Energy, իսրայելյան Delek & Avner ընկերությունների հետ մասնակցում են եգիպտական երկու ընկերություններ եւս: Ենթադրվում է, որ գազի վերաբերյալ նախնական համաձայնագիրը որպես գործող պայմանագիր կստորագրվի առաջիկա 6 ամիսների ընթացքում: