Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ծավալուն հարցազրույց է տվել ռուսական championat.com կայքին:

Հարցազրույցի մեկ հատված մեջբերում ենք ստորև. «Անցյալ տարին, հավանաբար, կարելի է համարել կարիերայիս ամենաբարդ տարին: Մրցաշրջանի սկզբին ստացած վնասվածքս, վերջնական արդյունքը, այն դեպքում, երբ ավելի բարձր տեղի էինք ակնկալում, այս ամենն ապրելը բավականին բարդ էր, սրան գումարած այն, որ մրցաշրջանի ավարտին ամբողջությամբ պատրաստ չէի: Եզրափակիչ խաղերին մասնակցում էի հնարավորություններիս 50-60 տոկոսով: Այս ամենն ինձ շատ տխրեցրեց»:

Այն հարցին, թե ինչպես է արձագանքել այս ամենին Մուրատ Յակինը, Մովսիսյանը նշել է.

«Բնականաբար, երբ նոր մարզիչ է գալիս, ցանկանում ես քո առավելագույն հնարավորությունները ցուցադրել: Այդ անել չէի կարող: Մուրատը գիտեր, թե ինչպիսի ֆուտբոլիստ եմ ես: Այդ դժվարին պահին Յակինն ինձ մեծ աջակցություն է ցուցաբերել և մեծ մասամբ նրա շնորհիվ է այսօր ակումբում դրական մթնոլորտ»:

Խոսելով իր թիմակցի՝ Արաս Օզբիլիսի մասին՝ հայ հարձակվողը հավելել է.

«Արասն ապաքինվում է, անհամբերությամբ է սպասում, թե երբ կվերադառնա դաշտ: Մենք նույնպես կարոտել ենք նրան: Օզբիլիսն անհավանական կարևոր ֆուտբոլիստ է ողջ թիմի համար: Ցավալի է, որ վնասվածքը նրան երկար ժամանկով թույլ չտվեց խաղալ, սակայն իմանալով Արասին՝ համոզված եմ՝ վերադարձից հետո նա ավելի ուժեղ կդառնա»:

Անդրադառնալով թիմում հարձակվողական գծի թույլ մրցակցությանը՝ Մովսիսյանը նշել է.

«Իմ գլխավոր մրցակիցը ես ինքս եմ: Ինձ վրա ինձանից ավելի շատ ճնշում գործադրող մարդ ոչ ակումբում և ոչ էլ ողջ աշխարհում չկա: Բնականաբար, յուրաքանչյուր ակումբ ցանկանում է իր կազմում տեսնել որքան հնարավոր է շատ հարձակվող, մենք նույնպես ունենք երիտասարդ ֆուտբոլիստներ, ովքեր շատ բաներ սովորում են և առաջընթաց են ապրում: Հասկանալի է, որ նրանց ճնշում է պատասխանատվության մեծ բեռը, սակայն ես էլ իմ հերթին ամեն ինչ կանեմ, որ նրանց օգնեմ բացահայտել իրենց տաղանդը»: