«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը չի մասնակցի ՀԱԿ-ի մարտի 1-ին Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքին: Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով հարցին, թե պատրաստվում է մասնակցել մարտի 1-ին ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքին, Հովհաննիսյանը պատասխանեց, որ իր այն գործընկերները, ովքեր այդ օրը կլինեն Երևանում, մասնակցելու են, սակայն ինքը չի կարող մասնակցել:
«Այդ օրը մենք լինելու ենք Չինարիում, գնալու ենք սահման: Այդ օրը մենք մեր հարգանքի տուրքը կմատուցենք մեր զոհերի հիշատակին հենց այնտեղ»,- հայտնեց Հովհաննիսյանը:
Նա ընդգծեց, որ ինքը պատրաստ է միշտ լինել այնտեղ, որտեղ ժողովուրդն է: «Ես մեծ սիրով կցանկանայի մասնակցել այդ հանրահավաքին, քանի որ այնտեղ հավաքվելու է իմ ժողովուրդը: Սակայն, արդեն ասացի, որ այդ օրը մենք լինելու ենք այլ վայրում: Մարտի 1-ին կվերադառնանք, և եթե կլինեն մարդիկ, ովքեր մարտի 2-ին՝ ՄԱԿ-ին մեր անդամակցության տարեդարձին, կամ մարտի 5-ին՝ Սպարապետի ծննդյան օրը ցանկանում է միացյալ պայքար տանել, մենք պատրաստ ենք: Սակայն մենք այս խաղն այլևս չենք խաղում, որովհետև ժողովուրդը հոգնել է խաղերից»,- եզրափակեց Հովհաննիսյանը:
Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ ըմբռնումով է մոտենում փետրվարի 20-ին Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքը չեղյալ հայտարարելու ԲՀԿ-ի որոշմանը և Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրում մարտի 1-ին: