Արցախյան մի խումբ ազատամարտիկների ամենշաբաթյա հանրահավաքին այսօր ելույթով հանդես եկավ Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով կոչ արեց բոլորին վաղը գալ Ազատության հրապարակ՝ մասնակցելու համազգային բողոքին:
«Չկա Րաֆֆի, առավել ևս Պարույր, թող գան այստեղ բոլոր քաղաքացիական խմբերը, Նախախորհրդարանի անդամները, բնապահպանները, քաղաքացիական ակտիվիստները»,-հայտարարեց նա:
Հովհաննիսյանի խոսքով՝ վաղն առանց հրավիրողի, առանց տան տիրոջ համազգային բողոք է լինելու հանուն երկրի անկախության: «Մեր դրոշը ոչ թե արժեզրկվելու է օտար մայրաքաղաքներում, այլ լինելու է հայ ազատամարտիկի, երիտասարդի փառք ու պատիվը»,-ասաց նա և խոսքն ուղղեց ազատամարտիկներին. «Դուք ձեր կյանքը դրել եք ազատության զոհասեղանին: Եվ հիմա բոլորս միասնական շնչով պետք է ենթարկվենք ազգային պետական այդ դրոշին, և ով քաջ է, այդ օրինակով, ոչ թե որևէ մեկի հրավերով պետք է կանգնի ազատամարտիկների կողքին, դա մեր պարտականությունն է»:
Նրա խոսքով՝ չկա մարդ առանց սխալի, բայց եթե ունեն այդ նվիրումը, թե որակով, թե քանակով պետք է լցնեն Ազատության հրապարակը, ստեղծեն անկախության օրակարգը և միասին «քշեն անիրավը, անարդարը Հայաստանի իշխանական համակարգից»:
Րաֆֆի Հովհաննիսյանը նաև ասաց, որ առաջիկա օրերի պայքարը պետք չէ շփոթել Արևելքի և Արևմուտքի պայքարի հետ: «Մենք պարտավոր ենք մեկս մյուսին լիցք տալով, միասին դրոշը պահելով բերել միասնական Հայաստան: Եվ վաղը ժամը վեցին՝ համազգային բողոք, քանի որ այդ անկախությունը, այդ սուվերենությունն այսօր վտանգի տակ է»,-հայտարարեց նա: