Գարնան գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ կազմակերպված մարզային խորհրդակցությունների շրջանակում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր' փետրվարի 20-ին, աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, խորհրդակցությանը ներկա են եղել մարզպետ Արամ Հարությունյանը, Ջրային տնտեսությ ան պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը, Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը, համայնքապետեր և այլ պաշտոնատար անձինք:
Անդրադառնալով մարզում գյուղատնտեսության ոլորտի ընդհանուր վիճակին' նախարարը հատկապես կարևորել է վարելահողերի օգտագործման մակարդակի բարձրացման հարցը: 2014 թվականի օպերատիվ տվյալներով, մարզում առկա 37765.8 հեկտար վարելահողերից մշակվել է ընդամենը 17064 հեկտարը (45.2%): Վարելահողերի օգտագործման մակարդակով մարզը hանրապետությունում զբաղեցնում է նախավերջին տեղը։ «Վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը բարձրացնելու համար անհրաժեշտ է ակտիվորեն օգտվել պետական աջակցության ծրագրերից, ինչը, համոզված եմ, հնարավորություն կընձեռի մարզում զգալի առաջընթաց ապահովել»,-նշել է Սերգո Կարապետյանը:
Իր ելույթում նախարարը հանգամանորեն ներկայացրել է ընթացիկ տարում իրականացվող պետական աջակցության ծրագրերը' ընդգծելով, որ այս տարի ևս գյուղացիական տնտեսություններին կտրամադրվեն մատչելի գներով պարարտանյութեր, դիզելային վառելիք և բարձր վերարտադրության սերմացու, ինչը կնպաստի հողերի օգտագործման արդյունավետության բարձրացմանը: Նախարարը նաև հայտնել է, որ երեկ կառավարությունը որոշում է ընդունել հողօգտագործողներին տրամադրվող վարկերի սուբսիդավորումը ևս երկու տոկոսային կետով ավելացնելու մասին: Արդյունքում' գյուղացիական տնտեսություննե րին հնարավորություն կընձեռվի ձեռք բերել շուկայականից անհամեմատ ցածր 8 % տոկոսադրույքով վարկեր:
Նախարարի խոսքով, վերջին տարիներին պետությունը հատկապես մեծ ուշադրություն է դարձնում ջերմոցային տնտեսությունների զարգացմանը, ինչը նույնպես մեծ նշանակություն ունի և դրականորեն է անդրադարձել մարզում գյուղատնտեսության աճի ցուցանիշների վրա: Եթե 2011 թվականի տվյալներով հանրապետության տարածքում շահագործվում էր ընդամենը 145 հեկտար տաքացվող ջերմատուն, որոնցից 1,9 հեկտարը' Կոտայքի մարզում, ապա այժմ ջերմատների ընդհանուր տարածքը 763,62 հեկտարի է հասնում, որից 42,95 հեկտարը գտնվում է Կոտայքի մարզում:
Այս կապակցությամբ նախարարը նաև հայտնել է, որ կառավարությունն արդեն իսկ ընդունել է օրեսդրական փոփոխությունների մի նախագիծ, որի համաձայն ջերմոցների կոնստրուկցիաների, ջերմոցային արտադրության մեջ օգտագործվող մի շարք ռեսուրսների ինչպես ներմուծումը, այնպես էլ ներքին շրջանառությունը կազատվեն ավելացված արժեքի հարկի վճարումից:
Խոսելով անասնապահական ոլորտում մարզի վերջին տարիների հաջողությունների մասին' նախարարն անդրադարձել է «Հայաստանի Հանրապետությունում 2007-2015 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրի» շրջանակներում իրականացվող ծրագրի արդյունավետությանը, որի շրջանակում ներկրվում և տարաժամկետ վճարման պայմաններով տնտեսվարող սուբյեկտներին են տրամադրվում համաշխարհային ճանաչում ունեցող կաթնատու' հոլշտին և կաթնամսատու' շվից և սիմնեթալ ցեղերի տոհմային երինջներ' դրանցից տոհմային նախիրներ ձևավորելու և տեղում սերունդ ստանալու միջոցով այդ ցեղերի վերարտադրությունը կազմակերպելու միջոցով:
Նախարարը շեշտել է նաև խոշոր եղջերավոր կենդանիների արհեստական սերմնավորման միջոցառումների ընդլայնման կարևորությունը, ինչը թույլ կտա ոչ միայն ավելացնել գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը, այլև բարձրացնել դրանց կաթնատվությունն ու մսատվությունը:
Անդրադառնալով հանրապետությունում իրականացվող «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրին' նախարարը կարևորել է նրա շրջանակներում իրականացվող անասնահակահամաճարակային կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումները' ընդգծելով որ այս տարի նույնպես հանրապետության ողջ տարածքում անասնաբուժական միջոցառումները կիրականացվեն անվճար հիմունքներով:
Խորհրդակցության ավարտին գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով է պարգևատրվել Կոտայքի մարզի «Մավաս» Գրուպ ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն Արմենակ Մկրտչյանը, իսկ ոլորտի մի խումբ այլ ներկայացուցիչների հանձնվել են շնորհակալագրեր: