ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր' մարտի 16-ին, ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Քյուրի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են նաև Կանադայի դեսպանության նախարար-հյուպատոս (Առևտրի և էկոնոմիկայի հարցերով) Նատալի Բեշամը և Խոզի միս արտադրողների կանադական ասոցիացիայի (Canada Pork International) նախագահ Ժակ Պոմերլոն:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին և բարձր գնահատելով նրանց ջանքերը հայ-կանադական գործարար կապերի ամրապնդման գործում' նախարարը վստահություն է հայտնել, որ այս հանդիպումը կնպաստի գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնմանը:

 

 

Հակիրճ ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունում ոլորտի ներկա վիճակը և ընդգծելով աշխարհի առաջատար երկրների փորձի ընդօրինակման ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը' նախարարը Կանադայի հետ փորձի փոխանակումը հատկապես օգտակար և իրատեսական է գնահատել: «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի բնակլիմայական պայմանները բարենպաստ են գյուղատնտեսական մթերքների արտադրության համար' կարծում եմ, որ ներդրումային տեսանկյունից մեր երկիրը բավականին հետաքրքրական կարող է լինել կանադացի ներդրողների համար», - նշել է նախարարը:

 

 

Գյուղատնտեսության բնագավառում Կանադայի հետ համագործակցության հեռանկարային ճյուղերի թվում նախարարը, մասնավորապես, նշել է տավարաբուծության, խոզաբուծության, թռչնաբուծության ոլորտները, ինչպես նաև ջերմոցային տնտեսությունների և պտղատու այգիների ստեղծումը: Նախարարը նաև հնարավոր է համարել անասնաբուծության ոլորտում համատեղ ֆերմաների հիմնումը, ինչը ոչ միայն կնպաստի հայկական շուկայում խոզի մսի պահանջարկի բավարարմանը, այլև այդ արտադրանքի դեպի ռուսական շուկա արտահանմանը:

 

 

Հանդիպմանը նախարարն առաջարկել է կանադական կողմին առավել հանգամանորեն ուսումնասիրել Հայաստանի ագրարային ոլորտը և ըստ այդմ մշակել և ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել ոլորտի զարգացմանն ուղղված բիզնես-ծրագրեր: Միաժամանակ նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել հայ-կանադական փոխգործակցության խորացման և զարգացման հարցում:

 

 

Համագործակցությունն իրավական հիմքերի վրա դնելու նպատակով, Սերգո Կարապետյանն առաջարկել է քննարկել երկու երկրների գյուղատնտեսության նախարարությունների միջև համագործակցության մասին հուշագիր ստորագրելու նպատակահարմարության հարցը:

 

 

Ի պատասխան նախարարի առաջարկին, դեսպան Ջոն Քյուրը հայտնել է, որ կդիմի Կանադայի գյուղատնտեսության նախարարությանը' համապատասխան աշխատանքային խումբ Հայաստան գործուղելու և համագործակցության հեռանկարային ուղղությունները ճշգրտելու նպատակով: