ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանտը վստահեցնում է, որ մարդիկ դաբաղ հիվանդությամբ չեն վարակվում: Ազգային ժողովում, պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, նախարարն ընդգծեց, որ դաբաղը վտանգավոր հիվանդություն է, սակայն միայն կենդանիների համար: «Սա տնտեսական մեծ վնասներ է պատճառում, ե րբ կենդանիները վարակվում են, որովհետև ընկնում է մթերատվությունը, իսկ մարդիկ դաբաղ հիվանդությամբ չեն վարակվում»,- ընդգծեց նախարարը:

 

 

Անդրադառնալով Հայաստանում վերջերս գրանցված դաբաղ հիվանդության դեպքերին՝ նախարարը նկատեց, որ այդ հիվանդությունը Հայաստանում վերջին անգամ գրանցվել էր 2004թ.: «Եվ 2015թ. դեկտեմբերի 23-ին Արմավիրի մարզում մեկ խոշոր եղջերավոր անասունի ու երկու խոզի մոտ նկատվեցին այդ հիվանդության նախանշաններ: Մենք անմիջապես փորձաքննություն ենք կատարել ու պարզվել է, որ դա իսկապես դաբաղ հիվանդությունն է: Սակայն երբ տեղեկատվություն եկավ, որ մեր հարևան երկրներում՝ Թուրքիայում, Վրաստանում և Ւրանում նկատվել են դաբաղ հիվանդության ենթատիպեր, որոնք կարող են տարածվել նաև հարևան երկրներում, մենք այդ փորձանմուշն ուղարկեցինք Ռուսաստան՝ ենթատիպը պարզելու համար: ՌԴ-ից մեզ պատասխանեցին, որ դա նոր տեսակի ենթատիպ է, որը Հայաստանում երբեք չի գրանցվել, ուստի մենք պատվաստանյութը կարիք ունեինք: Քանի որ մենք ամեն տարի հաջորդ տարվա համար մի շարք հիվանդությունների կանխարգելման պատվաստանյութերի ներկրման մրցույթ ենք հայտարարում, արդեն դաբաղի պատվաստանյութի համար մրցույթը ևս հայտարարել էինք: Մենք ստիպված եղանք չեղյալ համարել այդ մրցույթը և հայտարարել նոր մրցույթ՝ այլ պատվաստանյութի համար»,- մանրամասնեց նախարարը:

 

 

Նախարարը հավելեց, որ խուճապի մատնվելու կարիք չկա: Սերգո Կարապետյանն անդրադարձավ նաև լուրերին, թե ՌԴ-ն արգելել է Հայաստանի որոշ գյուղմթերքների ներկրումը՝ վստահեցնելով, որ այն արտադրանքը, որն արգելել է ՌԴ-ն, Հայաստանը երբեք չի էլ արտահանել: «Պատվաստանյութերն էլ մենք արդեն պատվիրել ենք, դրանք մեկ ամսից այստեղ կլինեն, ու մենք ժամանակին կկատարենք պատվաստումը: Այնպես որ խուճապի մատնվելու կարիք բացարձակապես չկա: Մենք այս առումով անհանգստանալու որևէ խնդիր չունենք, քանի որ միշտ պատրաստ ենք ցանկացած իրավիճակի»,- եզրափակեց նախարարը: