Եվրասիական տնտեսական միությանն անդամակցումը նոր հնարավորություններ է սեղծել Հայաստանի գյուղատնտեության ոլորտի համար, և կարիք կա ավելացնելու արտահանումը: Այս մասին Արագածոտնի մարզի գյուղատնտեսների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը' հորդորելով նրանց ավելացնել գյուղմթերքի արտադրությունը:
«Ռուսաստանի շուկան մեզ համար շատ կարևոր է: Մենք կենդանական ու բուսական ծագման ապրանքնրի արտահանում կատարելու մեծ հնարավորություն ունենք: Արմավիրում արդեն հայտարարել եմ և այստեղ էլ եմ ասում' ավելացրեք կարտոֆիլի, լոլիկի և այլ տեսակի բանջարեղենի արադրությունը: Այդ շուկայում նաև կաթնամթերքի և պանրի պահանջարկ կա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' նշեց նախարարը:
Սերգո Կարապետյանը հայտնեց, որ տարեսկզբին որոշակի դժվարություններ եղել են արտահանման հետ կապված, սակայն վստահեցրեց, որ բոլոր հարցերը կարգավորվում են: «Հասկանալի պատճառներով հունվար-փետրվարին արտահանման որոշակի դժվարություններ ունեցանք, քանի որ տնտեսավորողները դեռ ծանոթ չէին բոլոր նոր ընթացակարգերին: Սակայն, ժամանակի հետ բոլոր հարցերը կարգավորվում են: Սա ծանոթացման շրջան էր, և որոշ ժամանակ անց սովորական կդառնան նոր ընթացակարգերը»,- հավելեց նա: Նախարար Կարապետյանը վստահեցրեց գյուղացիներին, որ Կառավորությունը շարունակելու է վարկերի սուբսիդավորումն ու դիզվառելիքի և պարարտանյութերի տրամադրումը:
Հայաստանը 2015 թվականի հունվարի 2-ից Եվրասիական տնտեսական միության լիարժեք անդամ է: Անդամակցությամբ պարզեցվել են մաքսայինն ընթացակարգերը միության անդամ երկրների միջև, որն էլ դյուրացրել է արտահանման գործընթացը: