ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն օգոստոսի 6-ին հերթական խորհրդակցության էր հրավիրել պտուղ-բանջարեղեն վերամշակող և արտահանող ընկերությունների ներկայացուցիչներին' քննարկելու առկա հրատապ խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրերին, նախարարը նշել է, որ ընթացիկ տարին բարենպաստ է գյուղատնտեսության համար, հատկապես, պտղի որոշ տեսակների և բանջարեղենի համար: Հաշվի առնելով, որ առաջիկայում Հայաստանն անդամակցելու է Եվրասիական տնտեսական միությանը, Սերգո Կարապետյանը հորդորել է արտահանող ընկերություններին էլ ավելի ակտիվացնել կապերը Ռուսաստանի Դաշնության հետ' ավելացնելով հայկական արտադրա նքի արտահանման ծավալները:

 

«Ելնելով գյուղատնտեսության ոլորտում Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հրամայականից, հարկավոր է ակտիվացնել մեր համագործակցությունը ՌԴ-ի հետ, մասնավորապես, արտահանման ծավալների ավելացման տեսանկյունից, գյուղատնտեսական բոլոր արտադրատեսակների համար' սկսած պտուղ-բանջարեղենից մինչև միս և կաթնամթերք:

 

Հատկապես այսօր, երբ Ռուսաստանի Դաշնությունն արգելել է Եվրոպական շատ երկրներից՝ Մոլդովայից, Ուկրաինայից , ինչպես նաև ԱՄՆ-ից սննդամթերքի մեծ տեսականու ներկ րումները, մեզ համար ստեղծվել են շատ բարենպաստ պայմաններ գինիների, հյութերի, ջրերի, պտուղ-բանջարեղենի և դրանցից պատրաստված պահածոների, կաթնամթերքի և մսամթերքի արտահանման ծավալների կտրուկ մեծացման համար:

 

Հարկավոր է Մոսկվա և մյուս խոշոր քաղաքներ գործուղել պատասխանատու աշխատակիցների՝ տեղում պահանջարկի ծավալների ճշգրտման և պայմանագրերի կնքման համար: Մեզ ընձեռված նպաստավոր պայմաններից պետք է հնարավորինս օգտվենք»,- մասնավորապես նշել է նախարարը:

 

Նախարարը կարևորել է նաև ՌԴ-ում կազմակերպվող բոլոր ցուցահանդեսներին հայկական ընկերությունների մասնակցությունը, տեղեկացնելով, որ ս.թ. հոկտեմբերի 8-ից 11-ը Մոսկվայում անց է կացվելու Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի 75-ամյակին նվիրված գյուղատնտեսական ցուցահանդես: Սերգո Կարապետյանը խորհրդարկցության մասնակիցներին կոչ է արել ակտիվություն ցուցաբերել այդ խոշորագույն միջոցառմանը մասնակցելու ուղղությամբ, իր կողմից խոստանալով հնարավորինս աջակցել նրանց այդ խնդրում:

 

Խորհրդակցության ընթացքում վերամշակող ընկերությունների ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են մի շարք առաջարկներ'արտահանման գործընթացը դյուրացնելու վերաբերյալ: Առաջարկվեց Առևտրաարդյունաբերական պալատի կողմից ապրանքի ծագման սերտիֆիկատի տրամադրման ժամկետները կրճատել և, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեկնարկում է արտահանման եռուն շրջանը, այն տրամադրվի նաև ոչ աշխատանքային օրերին, ինչպես նաև նվազեցնել պահանջվող փաստաթղթերի քանակը:

 

Խորհրդակցության ավարտին Սերգո Կարապետյանը հանձնարարել է փոխնախարար Ռոբերտ Մակարյանին հանգամանորեն ուսումնասիրել ներկայացված բոլոր առաջարկները և ըստ ամենայնի աջակցել դրանց լուծման գործում: