Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 20-ին այցելել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատ և այնտեղ հանդիպում ունեցել մի խումբ սենատորների հետ: Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, hանդիպման ընթացքում Նախագահը ներկայացրել է Արցախի պետականաշինությանը, ներքին և արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տեղեկություններ և պատասխանել ներկաների հարցերին:
Նախագահն ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտը կարևորում է Ֆրանսիայի հետ հարաբերությունների զարգացումը՝ այն դիտարկելով որպես բարեկամ երկիր և ժողովրդավարության բնօրրաններից մեկը, երկիր, որը Հայոց ցեղասպանությունից հետո դարձել է հարյուր հազարավոր հայերի երկրորդ հայրենիքը:
Նախագահը բարձր է գնահատել Ֆրանսիայի դերակատարությունը նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանը: