Վրաստանի Հանրապետությունում ծնված Արթուր Մանուկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հայտնում է դատական տեղեկատվական համակարգը:
Գյումրիում բնակվող Արթուր Մանուկյանը հանցագործությունն իրականացրել է Վրաստանի քաղաքացի Գոչա Գոմելառուիի հետ նախնական համաձայնությամբ՝ անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի' ինքնությունը չպարզված վարորդի օժանդակությամբ։ Նրանք Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայից բռնություն գործադրելու միջոցով 2014թվականի հունիսի 26-ին բացահայտ առևանգել են Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի բնակչուհի Մ. Պողոսյանին:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանը Արթուր Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանավորում։