Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեկնաբանել է ազգային արժույթի՝ լարիի փոխարժեքի անկման շուրջ ստեղծված իրադրությունը եւ հավաստիացրել քաղաքացիներին, որ իրադրությունը հսկողության տակ է եւ խուճապի մատնվելու պատճառներ չկան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին :

 

«Մենք մանրակրկիտ պլան ենք մշակել, որը նպատակամղված է լարիի փոխարժեքի շուրջ ստեղծված իրադրության շուտափույթ կայունացմանը: Բացի այդ, մենք մի շարք հետաքրքիր առաջարկություններ ու մեխանիզմներ ունենք երկիր նոր ներդրումներ ներգրավելու համար»,- ասել է վարչապետը, որի հայտարարությունը տարածել է կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը:

 

Ղարիբաշվիլիի խոսքով՝ տարածաշրջանի իրադրությունն ու իրադարձությունները բացասաբար են ազդում լարիի փոխարժեքի վրա, սակայն Վրաստանի կառավարությունը մի շարք միջոցներ է ձեռնարկել իրադրությունը շտկելու համար:

 

«Ընդհանուր առմամբ տարածաշրջանը բարդ տնտեսական վիճակում Է, որը, մասնավորապես, ստեղծվել է Ուկրաինայում եւ Եվրոպայի մի շարք երկրներում: Վրաստանը իր ոչ մեծ տնտեսությամբ կախված է գլոբալ գործընթացներից: Բնական է, որ այդ գործընթացները բացասաբար են անդրադառնում մեր ազգային արժույթի փոխարժեքի վրա»,- նշել է վարչապետը:

 

«Խնդիրը լուծելու համար իմ հանձնարարությամբ կառավարության թիմը այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք է կատարում: Մենք օրական աշխատում ենք 24 ժամ՝ մեր քայլերը համաձայնեցնելով Վրաստանի ազգային բանկի նախագահի հետ»,- ասել է Ղարիբաշվիլին:

 

Վրաստանի վարչապետը նաեւ հայտնել է, որ քաղաքացիների «գրպանների» եւ ֆինանսական ընդհանուր իրադրության վրա ազգային արժույթի փոխարժեքի անկման բացասական ազդեցության կապակցությամբ կառավարությունը պաստրաստ է կրճատել վարչական ծախսերը: