Բաքվի Նասիմի շրջանի դատարանը եւս 5 ամսով' մինչեւ 2015 թվականի օգոստոսի 5-ը երկարացրել է իրավապաշտպան Արիֆ Յունուսի կալնման ժամկետը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, այս մասին «Ազատություն» ռադիկայանի ադրբեջանական ծառայությանը հայտնել է նրա փաստաբան Աֆգան Մամեդովը: Վերջինս գտնում է, որ դատարանի որոշումն անհիմն է, եւ պաշտպանը մտադիր է բողոքարկել դատարանի վճիռը: Նա նաեւ նշել է, որ Արիֆ Յունուսը հրաժարվում է ցուցմունք տալ:
Ա.Յունուսը ձերբակալվել էր 2014 թվականի օգոստոսի 5-ին' մեկ շաբաթ անց նրա կնոջ' իրավապաշտպան, Ադրբեջանի խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի ձերբակալությունից հետո:
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նրանց ճանաչել է «խղճի բանտարկյալներ»:
Լեյլա եւ Արիֆ Յունուս ամուսինները մեղադրվում են, իբր, Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ, սակայն, նրանց հետապնդելու իրական պատճառը Ադրբեջանում առկա 98 քաղաքական բանտարկյալների խնդրի բարձրաձայնումն է եւ միջազգային կազմակերպություններին արված' Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերը բոյկոտելու մասին կոչերը:
Լեյլա Յունուսը Ֆրանսիայի «Պատվո լեգիոն» շքանշանի ասպետ է: Նա արժանացել է նաեւ 2003 թվականի օգոստոսի 19-ին Իրաքում պայթյունի հետեւանքով զոհված ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատար Սերխիո Վիերիա դե Մելոնի (Sergio Vieria de Mello) անվան պարգեւի:
Տեղական եւ միջազգային հանրության աջակցությունը սրընթաց կերպով կորցնող ալիեւյան վարչակարգն իր իշխանությունը պաշտպանելու միակ ուղին տեսնում է ադրբեջանական հասարակությանը ճնշելու եւ վախ սերմանելու մեջ: Դրա համար ադրբեջանական իշխանությունները շարունակում են քաղաքացիական հասարակության եւ մամուլի դեմ բռնաճնշումները: