ՄԱԿ-ը փետրվարի 24-ին Կիեւում կներկայացնի Ուկրաինայի հումանիտար իրադրությանն արձագանքելու վերանայված ծրագիրը, որը գնահատվում է 316 մլն դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության հաշվետվության մեջ:
Բնակչությանը օգնություն ցուցաբերելու ծրագրի վերանայման մասին որոշումն ընդունվել է հունվարին իրադրության սրվելու կապակցությամբ:
«ՄԱԿ-ի հանձնախումբը հումանիտար արձագանքման ծրագիրը երկրում կներկայացնի փետրվարի 24-ին: Շտապ կարգով միջոցներ են պահանջվում հումանիտար գործողությունների ֆինանսավորման համար: Վերանայված ծրագիրը գնահատվում է 316 մլն դոլար»,- նշվում է փաստաթղթում:
ՏԱՍՍ-ը հիշեցնում Է, որ անցյալ տարվա դեկտեմբերին ՄԱԿ-ը Ուկրաինայի համար ներկայացրել էր այսպես կոչված արձագանքման ռազմավարական ծրագիր, որի համաձայն՝ հակամարտության հետեւանքով տուժած բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար 2015 թվականի հունվարից մինչեւ դեկտեմբեր կպահանջվի 189 միլիոն դոլար: Սակայն այն ժամանակվանից Ուկրաինայում հարկադիր վերաբնակների թիվը 900 հազարից աճել է մինչեւ մեկ միլիոն, իսկ փախստականներինը՝ կես միլիոնից մինչեւ ավելի քան 600 հազար, որոնց մեծամասնությունը ապաստանել Ռուսաստանի տարածքում: