Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկել է բռնցքամարտի «Ստրանջա»-ի 66-րդ միջազգային մրցաշարը, որին մասնակցող 34 երկրի 240 բռնցքամարտիկների թվում են նաև կաշվե ձեռնոցի հայ պատվիրակները: Մրցումների առաջին օրը ասպարեզ է դուրս եկել 4 հայ բռնցքամարտիկ, որոնցից 3-ը հաղթանակ են տոնել: Մեր մարզիկներից առաջինը ռինգ է դուրս եկել 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, ով համառ պայքարում 2:1 հաշվով առավելության է հասել Բուլղարիան ներկայացնող Զդրավկո Պոպովի նկատմամբ:
Մարգարյանի հաղթական մեկնարկին զարգացում է տվել 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը, ով մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է չեխ Դավիթ Հոսեկին: Տպավորիչ հաղթանակ է տոնել նաև 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը: Պատանիների աշխարհի և երիտասսարդների եվրոպայի չեմպիոն դարձած մեր բռնցքամարտիկը գեղեցիկ ոճով հաղթել է ադրբեջանցի Ազար Իմամամլիևին:
«Ստրանջա»-ի մրցաշարի մեկնարկային օրը լիարժեք հաջողված կլիներ, եթե հաղթանակ տոներ նաև գերծանր քաշային Հակոբ Մելքոնյանը, սակայն մեր բռնցքամարտիկը զիջեց ղազախ մարզիկին. տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: