Ադրբեջանի ազգային արժույթի' մանաթի սրընթաց էժանացումից հետո ադրբեջանական բանակի զինծառայողների աշխատավարձերը 30 տոկոսով արժեզրկվել են, եւ քանի որ կառավարությունն ազգային արժույթի հետ կապված ճգնաժամից դուրս գալու ծրագիր չունի, մանաթի անկումը կհանգեցնի նաեւ ադրբեջանական բանակի անձնակազմի կրճատման:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Meydan TV-ի հետ զրույցում հայտարարել է արտասահմանում գործող ադրբեջանական «Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտի վերլուծաբան, ռազմական լրագրող Ջասուր Սումերենլին:

 

Սումերենլին նշել է, որ այս տարի բանակում աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում' հավելելով, որ ուժեղ արժեզրկման դեպքում, որպես փոխհատուցում, կարող է այն 10-20 տոկոսով ավելացվել, սակայն, դա չի կարող դիտվել որպես սոցիալական բարելավում:

 

Նրա խոսքով' մանաթի էժանացումն անխուսափելիորեն հանգեցնելու է զինված ուժերում սպայական կադրային անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմանների վատթարացման:

 

Ադրբեջանցի վերլուծաբանն ասել է, որ մանաթի մոտ 34 տոկոսով արժեզրկման պատճառով թիկունքում ծառայող լեյտենանտի կոչումով սպայի ստացած 500 մանաթ աշխատավարձի իրական արժեքը ներկայում կազմում է մոտ 330-350 մանաթ, առաջին գծում այն կազմում է մոտ 470-500 մանաթ (առաջին գծում լեյտենանտները միջին հաշվով 700 մանաթ են ստանում):

 

«Զինծառայողների սոցիալական ապահովության (սնունդ, հագուստ, աշխատավարձ) համար ռազմական բյուջեից հատկացված միջին հաշվով 350 մլն մանաթի (Ադրբեջանի ՊՆ-ին հատկացված միջոցի մոտ 25-30 տոկոսը) մոտավոր կորուստը կկազմի 125-130 մլն մանաթ: Կասկած չկա, որ զինծառայողների սնունդն ու հագուստը ապահովվում են տեղական ընկերությունների հաշվին, բայց նրանք, մանաթի ճգնաժամով պայմանավորված, առաջիկա մեկ ամսվա ընթացքում բարձրացնելու են գները: Այդ պատճառով էլ մանաթն էժանացնելու ԿԲ-ի փետրվարի 21-ի որոշումը բացասական ազդեցություն է թողնելու նաեւ զինված ուժերի ծառ այողների վրա», -ասել է նա:

 

Ջասուր Սումերենլին գտնում է, որ ներկա վիճակում իշխանությունը առաջիկա 1-2 ամսում բանակում պետք է աշխատավարձերը նվազագույնը 50 տոկոսով բարձրացներ, հակառակ դեպքում, հնարավոր չի լինելու բանակում նորմալ կադրեր պահել:

 

Նրա կարծիքով, առկա վիճակը խթանելու է բանակում յուրացումներին, կոռուպցիային եւ կաշառակերությանը: Ամենայն հավանականությամբ, 2015 թվականին ռազմական զինավարժանքների անցկացման համար հատկացված մեծաքանակ միջոցները կկրճատվեն: Եթե տնտեսական վիճակն ավելի լարվի, սպասվում է, որ բանակում կրճատումները կշարունակվեն, զինվորական պաշտոնների թիվը կտրուկ կնվազի, իսկ դրանց փոխարեն կմեծանա քաղաքացիական ծառայողների թիվը:

 

Ռազմական լրագրողը հայտնել է, որ պահեստի ենթասպաների զինակոչի գործընթացը դադարել է: Եթե սրանից 5 ամիս առաջ հարյուրավոր քաղաքացիներ են ընդունվել տարբեր զինվորական պաշտոններում, ապա այժմ այդ գործընթացը ֆինանսական ճգնաժամի պատճառով դադարեցվել է:

 

Ջասուր Սումերենլին հայտնել է, որ Ադրբեջանի իշխանությունը ինչպես մյուս բնագավառներում, բանակում եւս չունի ճգնաժամից դուրս գալու ծրագիր:

 

«Եթե ճգնաժամը շարունակվի, բանակին հատկացված ֆինանսական միջոցները կկրճատվեն, կդադարեցվի արտասահմանից պատվիրված ռազմական տեխնիկայի գնման գործընթացը, զինավարժանքների թիվը կտրուկ կնվազեցվի եւ անձնակազմի կրճատում կկատարվի», -նշել է նա: