Քեսաբահայերը մտավախություն ունեն, որ Թուրքիան կարող է դրդել «Իսլամական պետությանը» քայլեր ձեռնարկել Քեսաբի դեմ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Սփյուռքահայության շտապ օգնության գործադիր մարմնի անդամ Կարո Մանճիկյանը՝ ավելացնելով, որ իրենց միակ մտավախությունը դրա հետ է կապված, սակայն դեռևս որևէ անհանգստացնող դպք չի գրանցվել:

 

«Թուրքիան կարող է նման առիթ տալ ԻՊ-ին, ինչպես դա արել էր նախորդ տարի «Ջաբհա ան Նուսրա»-ի պարագայում, որը հարձակվել էր Քեսաբի վրա»,- նշեց Մանճիկյանը:

 

Նա նաև տեղեկացրեց, որ Քեսաբում իրավիճակը համեմատաբար հանգիստ է, կյանքը գնալով ավելի բնականոն է դառնում: Մանճիկյանի խոսքով' համացանցը սկսել է աշխատել գյուղաքաղաքում, գյուղատնտեսւոթյամբ զբաղվողներն սկսել են իրենց աշխատանքները:

 

Քեսաբը սիրիական բանակի կողմից ազատագրվել է 2014թ. հունիսի 15-ին, և բնակչության մեծ մասը վերադարձել է այնտեղ: Քեսաբի բոլոր հաստատությունները, տները և բնակարանները, առանց բացառության, վնասներ էին կրել:
Քեսաբի շրջանի վրա հարձակումն սկսվել էր մարտի 21-ին' Թուրքիայի սահմանի ութ կետերից: Հարձակումն իրականացրել էին «Ջաբհա ան Նուսրա» եւ «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները' Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ: