Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանն այն համաշխարհային կառույցներից է, որոնց վրա դրված է այս կամ այն մշակույթը արժևորելու առաքելությունը:

 

«Մետրոպոլիտեն» թանգարանի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում այս մասին նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նա մարտի 2-ին նախարարությունում ընդունեց թանգարանի միջնադարյան արվեստի և վանքերի վարչության պետ Գրիֆիտ Մանին և նույն վարչության բյուզանդական արվեստի համակարգող Հելեն Էվանսին՝ քննարկելու առաջիկայում մշակութային օջախում կազմակերպվելիք ցուցահանդեսի մանրամասները:

 

Մշակույթի նախարարը հանդիպման մեկնարկին ողջունեց թանգարանի պատվիրակությանը: «Մետրոպոլիտեն» թանգարանը սպասված է բոլոր երկրներում: Թանգարանը մեծ հեղինակություն է վայելում, և մեզ՝ հայերիս, ովքեր ունեն հին քաղաքակրթություն և մշակույթ, շատ հետաքրքրում է: Հատկապես, որ թանգարանի հետ կա մշտական համագործակցություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հասմիկ Պողոսյանը: Նա նշեց, որ ծանոթացել է նախատեսվող ցուցադրության կոնցեպտի հետ, հավանել այն, թե ինչի վրա է դրվում շեշտը:

 

«Մենք մեր բոլոր միջոցներն ու հնարավորությունները կուղղենք, որ ծրագիրը կայանա»,-խոստացավ Հասմիկ Պողոսյանը՝ հավելելով, որ առաջակայում հնարավոր է կազմակերպվի նաև ցուցադրություն Բրիտանական թանգարանում: Ի տարբերություն «Մետրոպոլիտեն» թանգարանի, որին հետաքրքրում է միջնադարյան արվեստը, Բրիտանական թանգարանն էլ հետաքրքրված է բրոնզե դարաշրջանով:

 

«Մետրոպոլիտեն» թանգարանի ներկայացուցիչները նախարարի հետ զրույցում նշեցին, որ ուրախ են լինել Հայաստանում, և արդեն հասցրել են այցելել Հայաստանի պատմության թանգարան և այլ վայրեր: Թանգարանի ներկայացուցիչները նախարարի հետ քննարկեցին առաջիկա ցուցահանդեսի մանրամասները և նշեցին այն ցուցանմուշները, որոնք ցանկանում են տանել ԱՄՆ:

 

Աշխարհի ամենահեղինակավոր մշակութային օջախներից մեկում՝ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում 2017 թվականին հնարավոր է Հայաստանին վերաբերող ցուցահանդես կազմակերպվի: Այս օրերին մեր երկրում են թանգարանի միջնադարյան արվեստի և վանքերի վարչության ներկայացուցիչները, ովքեր քննարկում են հնարավոր ցուցահանդեսի կազմակերպման մանրամասները: