ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 7-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային համագործակցության պատասխանատու Ինա Յանկուլովային, Եվրամիության խորհրդարանական բարեփոխումների հարցերի խորհրդատուներ Իլմարս Սոլիմսին, Կայա Կրավչիկին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, կարևորելով փոխգործակցությունը թե ԵՄ-ի, թե Արևելյան գործընկերության շրջանակներում, ԱԺ նախագահը վստահություն է հայտնել, որ ԵՄ խորհրդարանական խորհրդատուների հետ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների և ԱԺ աշխատակազմի արդյունավետ աշխատանքը շարունակական կլինի նախանշված բոլոր ոլորտներում: Բարձր գնահատելով խոհրդարանական դիվանագիտությանը դերը' Հովիկ Աբրահամյանը վերահաստատել է Հայաստանի խորհրդարանի հանձնառությունը էլ ավելի խորացնելու համագործակցությունը ԵՄ կառույցների և ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարանների հետ թե երկկողմ, թե բազմակողմ հարթությունում:
Զրուցակիցներն ուրվագծել են այն ուղղությունները, որոնցով պետք է համատեղ աշխատանքներ իրականացվեն: Խորհրդատուները ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովում բարեփոխումների իրականացման վերաբերյալ իրենց ծրագրերը, տեսակետները, ինչպես նաև, իրենց դիտարկմամբ, Ազգային ժողովի համար կարևորություն ներկայացնող կարճաժամկետ և երկարաժամկետ առաջնահերթությունները: Նրանք բարձր են գնահատել ՀՀ ԱԺ նախագահի կողմից միջխորհրդարանական երկկողմ և բազմակողմ համագործակցության ակտիվացմանն ուղղված նախաձեռնությունները: Նրանք կարևորել են ԱԺ աշխատակազմի հետ արդյունավետ համագործակցությունը: