Ուկրաինայի քաղաքացի Աննա Դուրիցկայան, որը փետրվարի 28-ի գիշերն ուղեկցում էր ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովին, նրա սպանության պահին չի տեսել մարդասպանին, քանի որ նա մոտեցել է թիկունքից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
«Ես չգիտեմ, թե որտեղից մոտեցավ մարդասպանը: Ես չտեսա, որովհետև դա տեղի էր ունենում իմ թիկունքում»,- սկայպով հայտնել է Դուրիցկայան «Դոժդ» հեռուստաալիքի եթերում:
«Ես չգիտեմ՝ որտեղից նա դուրս եկավ, նա իմ թիկունքում էր»,- հավելել է աղջիկը:
Դուրիցկայան նշել է, որ ողբերգության երեկոյին ոչ իր, ոչ էլ իր ուղեկցի նկատմամբ որևէ լրտեսում չի նկատել:
Ըստ BBC-ի՝ նա նաև հայտնել է, որ փետրվարի 27-ին իրեն հարցաքննել են յոթ ժամ, բայց չի հիշում՝ հատկապես որտեղ:
Դուրիցկայան պատմել է, որ ինքն այժմ վկայի կարգավիճակում է և չմեկնելու մասին ոչ մի ստորագրություն չի տվել: Նրա խոսքով՝ այժմ իր հետ շարունակում են «հետաքննչական գործողություններ» անցկացնել: Դուրիցկայան չի հասկանում, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մեկնել տուն՝ Ուկրաինա: