Իրաքյան ուժերն ազգային կամավորական ջոկատների հետ միասին Սալահ ադ Դին մարզում 97 շրջաններ են ազատագրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին մարտի 4-ին հայտարարել է Իրաքի ներքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ ռազմական գործողություններն սկսվել են այս շաբաթվա սկզբից, որի ընթացքում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել:

 

 

Նախօրեին տեղեկություններ էին ստացվել Սալահ ադ Դին մարզի Համրին շրջանի ազատագրման մասին: Անվտանգության ուժերը մեծ առաջընթաց են գրանցել նաև Թիքրիթ քաղաքի հարավային, արևմտյան և հյուսիսային շրջաններում՝ «Իսլամական պետությանը» ստիպելով նահանջել քաղաքի կենտրոնից:

 

 

Սալահ ադ Դին մարզում մեկնարկել է ռազմական գործողությունների ծավալման երկրորդ փուլը:

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013թ.-ի ապրիլին «Ալ Կաիդա»-ի 2 ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքում:

 

 

2014թ.-ի հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ նշանակվել է Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև որոշում է ընդունվել խմբավորման անվանումը փոխելու վերաբերյալ, և այն անվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրների մոջահեդներ: