Իրաքյան ուժերն երկրի հյուսիսում գտնվող Սալահ ադ Դին մարզում «Իսլամական պետության» 43 ահաբեկիչ են ոչնչացրել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, բախումները մասնավորապես ընթացել են Թիքրիթ, Սամրա, Բայջի քաղաքներում: Ռազմական գործողություններին մասնակցել են նաև օդային ուժերը, որոնց օգնությամբ ազատագրվել են Թիքրիթի մերձակայքում մի քանի տարածքներ: Բախումների ժամանակ սպանվել են ԻՊ-ի 26 ահաբեկիչ, պայթեցվել են ահաբեկիչների 2 ականապատ մեքենա և փոխադրամիջոց: Մի քանի ծայրահեղականներ սպանվել են Սամրա քաղաքի շրջաններում:
Ռազմական գործողությունների ընթացքում իրաքյան ուժերը մոտ տասը տոննա ամոնիումի նիտրատ են հայտնաբերել, որոնք ահաբեկիչներն օգտագործել են պայթուցիկ սարքավորումներ պատրաստելու համար:
Սալահ ադ Դին մարզի Բայջի քաղաքի Մալիհա շրջանում ռազմական գործողությունների ընթացքում 14 ահաբեկիչ են սպանվել, նրանցից ոմանց հաջողվել է փախուստի դիմել:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Իրաքյան ուժերը Թիքրիթ քաղաքից «Իսլամական պետության» ահաբեկիչներին վռնդելու համար լրացուցիչ օդային ուժերի աջակցության կարիք ունեն: Թիքրիթի ազատագրման գործողություններին մասնակցում են ավելի քան 20 հազար զինվոր:
«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրի մոջահեդներ: