Ծիծեռնակաբերդի բարձունքում Վազգեն Սարգսյանի ծննդյան 56-ամյակի կապակցությամբ հանդիսավոր երդում տվեցին պատանի երկրապահները: Պատանիները երդվեցին ծառայել հայրենիքին: Երդման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և այլ պաշտոնատար անձիք:

 

 

Զինված ուժերի հոգևոր փոխառաջնորդ տեր Մովսես աբեղա Սարգսյանը շնորհավորեց պատանի երկրապահ կամավորներին' նրանց հետ աղոթք հղելով Վազգեն Սարգսյանի և հայ բոլոր նվիրյալ նահատակների հոգիների հանգստության համար:

 

 

Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը նշեց, որ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի կարգադրությամբ' Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը այսուհետ հռչակվել է Պատանի երկրապահների օրհնության օր: «Այսօր պատանի երկրապահների օրհնության կարգ է մատnւցվում Մայր Աթոռի եկեղեցիներում: Պատանի երկրապահների երդման արարողությունները տեղի են ունենում ամբողջ հանրապետությունում: Հարգելի ծնողներ, ես շնորհակալ եմ, որ Ձեր զավակների հայրենասիրական դաստիարակությունը վստահում եք Երկրապահ կամավորականների միությանը»,- իր ուղերձում ընդգծեց նա:

 

 

ՀՀ Նախագահի օգնական Ավետիք Բերբերյանը ներկաներին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը, որում մասնավորապես ասված էր. «Շնորհավորում եմ ձեզ երդման արարողության և ձեր կյանքի գեղեցիկ ու նշանակալի այս օրվա առթիվ: Հայրենիքի պաշտպանությանը ծառայելու ձեր ուխտը սրբազան է, և ապագա ունի ձեզ նման պատանիներ ունեցող երկիրը:

 

 

Երկրապահ կամավորական միությունը ծնունդն էր այն կամավորական շարժման, որ ծավալվեց Արցախում, Հայաստանում և ողջ աշխարհում, որտեղ հայ կար: Սա հայության արձագանքն էր մեզ պարտադրված պատերազմին: Հիշեք, կամավորների սխրանքն անմահ է: Նրանք իրենց նվիրվածությամբ, նաև կյանքի գնով լրացրեցին պետական զինված ուժերի բացակայությունը: Նրանք տվյալ պատմական պահին արեցին անհնարինը, իրենց արյամբ գնեցին այն թանկարժեք ժամանակը, որ անհրաժեշտ էր կանոնավոր բանակ ստեղծելու համար, և դարձան այդ բանակի հիմքը:

 

 

Հիշեք, որ դուք Հայաստանի Հանրապետության վաղվա զինվորներն ու սպաներն եք: Անկախ նրանից, թե կյանքի ինչ ուղի կընտրեք, համոզված եմ, որ դուք լինելու եք մեր երկրի արժանավոր քաղաքացիներ: Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է՝ խորհրդանշական օր և գեղեցիկ առիթ, որ բոլորս երախտագիտությամբ հիշենք և շնորհավորենք Սպարապետին ծննդյան օրվա կապակցությամբ:

 

 

Մաղթում եմ, որ ձեր աշխատասիրությամբ, նվիրումով և կեցվածքով արժանի լինեք Վազգեն Սարգսյանի հիշատակին և պատգամներին»:

 

 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր շնորհավորական ուղերձում նկատեց, որ պատանի երկրապահների շարքերում է տեսնում մեր ապագա զորավարներին և գեներալներին: «Որպես պետական և ռազմական գործիչ' Վազգեն Սարգսյանը երազում էր, որ մենք կկառուցենք մեր երկիրը և կապացուցենք, որ ունենք անկախ հայրենիք: Այսօր մեր զինվորները իրենց հմուտ գործողություններով հետ են մղում հակառակորդի հարվածները' ապահովելով մեր ժողովրդի խաղաղությունը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ խորհրդանշական է, որ պատանի երկրապահները երդում են տալիս հենց Ծիծեռնակաբերդի բարձունքում»,- ընդգծեց նա:

 

 

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը իր ելույթում շեշտեց, որ Վազգեն Սարգսյանը հայրենիքը պաշտպանելու և կայացնելու գործին նվիրված պետական գործիչ էր: «Վազգեն Սարգսյանն իր ապրած կյանքով ապացուցեց, որ հերոսներ ծնվում են բոլոր ժամանակներում, եթե հայ ժողովուրդն ունի նրանց կարիքը, եթե պահն օրհասական է: Նրա անսպառ եռանդն ու անձնուրաց նվիրումը տվել են իրենց արդյունքը. Հայաստանի սահմանները հայոց բանակն է պաշտպանում, անկախ Հայաստանը իր դերն ու դիրքն է ամրացնում աշխարհում»,- նշեց նա:

 

 

Երդման արարողությունից հետո Երկրապահ կամավորականների միության Երևանի և մարզային ներկայացուցչությունների անդամաներն հանդես եկան ռազմական ցուցադրական ելույթներով: