Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ իր երկիրը կարող է համաձայնել միջուկային ծրագիրը ժամանակավոր սառեցնելուն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

«Ամեն ինչ կախված կլինի ձեւակերպումներից»,- ասել է նա CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով ծրագրի տասնամյա սառեցման պահանջի վերաբերյալ հարցին, որն առաջադրել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:

 

Նախարարը նշել է, որ «վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների եւ Գերմանիան) ներկայացուցիչների հետ բանակցություններում պայմանավորվածության հասնելու դպեքում Թեհրանը «պատրաստ է որոշ ժամանակով համաձայնել սահմանափակումների»:

 

Դիվանագետը հրաժարվել է «ուղիղ եթերում» ներկայացնել այդ խնդրի նկատմամբ Իրանի դիրքորոշման մանրամասները:

 

Ավելի վաղ Զարիֆը իրանական ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Թեհրանը «երբեք չի համաձայնի չափազանց մեծ ու անտրամանաբանական պահանջներին»:

 

Ինչպես մարտի 5-ի երեկոյան հաղորդել է Եվրոպայի արտաքին քաղաքական ծառայությունը, միջազգային միջնորդների «վեցյակը» եւ Իրանը կշարունակեն աշխատանքը իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում պահպանվող խնդիրների վրա եւ վերստին կհանդիպեն մոտ ժամանակներս:

 

«Ձեռք է բերվել որոշակի առաջընթաց եւ առկա հարցերից մի քանիսի շուրջ ավելի լավ ըմբռնում»,- ասված է ծառայության հաղորդագրության մեջ, որը տարածվել է Բրյուսելում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: