Մարտի 9-ին Թբիլիսիում կայացել Է Վրաստանի արտաքին գործերի նախարար Թամարա Բերուչաշվիլիի հանդիպումը ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ, կողմերը քննարկել են Ռուսաստանի գործողությունները Աբխազիայի եւ Հարավային Օսիայի նկատմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

 

«Հանդիպմանը ուշադրությունը դարձվել Է Ռուսաստանի կողմից օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչների հետ այսպես կոչված պայմանագրերի ստորագրման հարցերին: Ես մեկ անգամ եւս նշեցի, որ Ռուսաստանի այդ գործողությունները հակասում են միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին... Ակներեւ Է, որ այսպես կոչված պայմանագրերի կնքումն ուղղված Է Վրաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ եւ բռնազավթված տարածքների բռնակցմանն ուղղված քայլ Է»,-հայտարարել Է Բերուչաշվիլին:

 

Ռուսաստանը եւ Հարավային Օսիայի իշխանությունները փետրվարի 18-ին պայմանագիր են ստորագրել «Պետական սահմանի մասին»: Ավելի վաղ հունվարի 23-ին ՌԴ-ի Պետդուման վավերացրել Է Աբխազիայի հետ Ռուսաստանի «դաշնակցության եւ ռազմավարական գործընկերության մասին» պայմանագիրը, որն ստորագրվել Է 2014 թվականի նոյեմբերին: Բացի այդ, ՌԴ-ի իշխանությունները մտադիր են «դաշնակցության եւ ինտեգրացման մասին» պայմանագիր կնքել Ցխինվալի հետ:

 

ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստան Է ժամանել մարտի 8-ին: Այցի շրջանակներում, որը կավարտվի մարտի 11-ին, Զանիերը հանդիպում կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, ինչպես նաեւ հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ: