Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր կառավարության նիստում ներկայացրեց որոշման նախագիծ, որով փոփոխություն է կատարվելու Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Սևան» ազգային պարկ» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Սևան» ազգային պարկի և «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» որոշման մեջ:

 

«ՀՀ կառավարությունում և Հանրապետական գործադիր մարմիններում տեղի ունեցած կառուցվածքային և պաշտոնատար անձանց փոփոխության հետևանքով անհրաժեշտություն էր առաջացել վերանայել «Սևան» ազգային պարկ ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը»,- ասաց նախարարը՝ նշելով, որ նախագիծը դրական եզրակացություն է ստացել: Ըստ այս փոփոխությունների՝ «ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար» բառերը փոխարինվելու են «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար» բառերով, «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ» բառերով, «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ» բառերով, «ՀՀ Գեղարքունիքի մարզպետ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ» բառերով, իսկ «ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ» բառերը հանել:

 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե ինչու են մարզպետին փոխարինում տեղակալով. «Որովհետև փոխվարչապետը փոխվեց նախարարով, Նախագահի աշխատակազմից առաջարկություն եղավ, որպեսզի մարզպետի փոփոխությունը կատարվի փոխմարզպետով, առաջարկությունն այդպես էր, ընդունեցինք մենք»,- պատասխանեց նախարարը: «Ի՞նչ կապ ունի մեկը մեկի հետ»,- զարմացավ Հովիկ Աբրահամյանը, ապա նշեց, որ հետո կնայեն: