Շուրջ 10 տարի շարունակվող շինարարական աշխատանքներից հետո ավարտին է հասցվել Գավառի Ավետիք Իսահակյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի հիմնանորոգումը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գավառի թիվ 4 հիմնական դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Ռուզաննա Քոլոզյանը, դպրոցը ապահովվել է անհրաժեշտ գույքով: Ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող կրթօջախը նոր ուսումնական տարվա սկզբից կգործի միահերթ: «2000 թվականին բռնկված հրդեհից գրեթե ամբողջությամբ այրվեց մեր դպրոցի շենքը: Տարրական պայմաններից զրկված եւ կիսաայրված կառույցը ծանր փաստի առաջ կանգնեցրեց կրթ օջախի հարկի տակ ուսում ստացողներին: Դասերն անցնում էին երկհերթ, դժվարին պայմաններում: Պետբյուջեի միջոցներով հիմնանորոգման աշխատանքներն սկսվեցին 2007 թվականից եւավարտին հասցվեցին օրերս»,-նշեց Ռուզաննա Քոլոզյանը:
Դպրոցի շենքի շինարարությունն իրականացնելու նպատակով պետբյուջերից տրամադրվել է շուրջ 633 միլիոն դրամ: Շինարարության պատվիրատուն ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակն» է եղել, կապալառուն՝ «Բազալտշին» արտադրական կոոպերատիվը: Եռահարկ կրթօջախն ամբողջապես հիմնանորոգվել է:
Այդ թվում ցինկապատվել է տանիքը, նորացվել են դռներն ու լուսամուտները , կատարվել են ներքին հարդարման մի շարք աշխատանքներ: Յուրաքանչյուր հարկում գործում է նոր վերանորգված սանհանգույց: Դպրոցը պարսպապատվել է, ապահովվել ջրով, բնական գազով, հակահրդեհային սարքավորումներով եւ տեսախցիկներով: Կրթօջախում կառուցվել է հանդիսությունների նոր սրահ, միջոցառումների դահլիճ, լուսավոր դասասենյակներ: Իսկ բնագիտական առարկաների համար նախատեսված դասենյակներին կից գործում են համապատասխան լաբորատորիաներ՝ ապահովված սարքավորումներով :
Պետբյուջեից հատկացված շուրջ 7 միլիոն 225. 000 դրամով դպրոցն ապահովվել է նաեւ անհրաժեշտ գույքով: 80-ամյա պատմություն ունեցող դպրոցը տվել է գիտության, արտադրության, պետական կառավարման, առողջապահության, այլ բնագավառներում աչքի ընկած նշանավոր դեմքեր: Այժմ կրթօջախում սովորում են 483 աշակերտ: Գավառի համար 4 հիմնական դպրոցի ուսուցչական կոլեկտիվն ու աշակերտները հույս հայտնեցին, որ մի գեղեցիկ օր էլ կրթօջախը պետբյուջեի միջոցներով կունենա մարզադահլիճ, ինչն էլ կծառայի «Մարմնակրթություն» առարկայի՝ ժամանակակից պահանջներով դասընթացնե րի կազմակերպմանը:
Խոսրով Խլղաթյան