Նոյեմբերին Երևանում մեկնարկած աշնանային ծառատունկի հիմնական ծրագիրն ամբողջությամբ ավարտվել է: Ծառատունկին մայրաքաղաքում ընդհանուր առմամբ տնկվել է շուրջ 20 հազար ծառ և 14000 թուփ: Ըստ այդմ, շուրջ 10 հազար ծառ և 14 հազար թուփ տնկվել է մայրաքաղաքի կանաչապատման ընկերությունների կողմից: Եվս 10 հազար ծառ էլ տնկվել է համատիրությունների, կրթական, առողջապահական և այլ հաստատությունների ու կազմակերպությունների ուժերով: Տնկվել են հիմնականում գնդաձև ակացիաներ և սոսիներ, որոնք, մասնագետների գնահատմամբ, համապատասխանում են մեր պայմաններին և լավ կպչողականություն են ապահովում: Ինչ վերաբերում է թփերին, ապա դրանք հիմնականում վարդի և այլ ծաղկող թփեր են:

 

Քաղաքապետի հանձնարարությամբ ծառատունկն իրականացվել է բացառապես ոռոգելի տարածքներում: Այս համատեքստում տարեկան ծրագրով նախատեսված շուրջ 21 կմ ոռոգման նոր համակարգի անցկացմամբ ոռոգելի են դարձել նաև «Փարոս» անտառպուրակի, «Հաղթանակ» զբոսայգու և Կոմիտասի անվան զբոսայգու տարածքները, որտեղ ևս աշնանային ծառատունկ է իրականացվել:

 

Երևանը կանաչ տարածքներով համալրելու 2013 թվականի ծրագրի արդյունքում, ի դեպ, ընդհանուր առմամբ մայրաքաղաքի կանաչ մակերեսը կհասնի 850.0 հա-ի:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն