Հայաստանը բարձր է գնահատում Եվրամիության հետ համապարփակ ու բազմակողմանի համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, հիմնարար ազատությունների պաշտպանությունը, արդյունավետ կառավարման համատեղ ծրագրերը: Այս մասին Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Ինչպես արձանագրված է Վիլնյուսի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան-Եվրամիություն համատեղ հայտարարությունում, կողմերը համաձայնել են հարաբերությունները կարգավորող իրավական նոր հիմքերի ստեղծման անհրաժեշտության շուրջ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նախարարը:
Նալբանդյանը շեշտեց, որ Հայաստանը մտադիր է զարգացնել փոխգործակցությունը Եվրամիության հետ՝ ուղղված մարդու իրավունքների խթանմանը, ժողովրդավարության զարգացմանը, դատական համակարգի շարունակական բարելավմանը, կոռուպցիայի դեմ պայքարի, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, առևտրի և ներդրումների համար միջավայրի կատարելագործմանը, շարժունակության ընդլայնմանը և ոլորտային համագործակցության զարգացմանը: «Ներկայումս եզրափակիչ փուլում են Եվրամիության գործընկերների հետ խորհրդակցությունները' որոշելու մեր հետագա համագործակցության շրջանակը՝ հիմնված այն առաջընթացի վրա, որը եղել է նախորդ շրջանում: Հայաստանը պատրաստ է բոլոր ձևաչափերով, հնարավոր ոլորտներում շարունակել Եվրամիության հետ համապարփակ համագործակցությունը՝ նկատի ունենալով մեր պարտավորություններն այլ ինտեգրացիոն գործընթացներում»,- ընդգծեց Նալբանդյանը:
Էդվարդ Նալբանդյանը Հայաստան-Եվրամիություն համագործակցության առաջնահերթություներից է համարում շարժունակության խթանումը՝ խրախուսելով շփումները Եվրամիության անդամ երկրների հետ: Նախարարը հիշեցրեց, որ 2014թ. հունվարից ուժի մեջ են մտել Եվրամիության հետ վիզաների դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերը: