Թունիսում մարտի 18-ին ահաբեկչական հարձակման հետևանքով 19 մարդ է զոհվել, այդ թվում՝ 17 արտասահմանցի զբոսաշրջիկ և 2 թունիսցի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Թունիսի վարչապետ ալ Հաբիբ աս Սիդը: Թունիսի պետական հե ռուստատեսությամբ ունեցած ելույթում վարչապետը նշել է ահաբեկչության վերջնական արդյունքների մասին՝ հայտարարելով, որ զոհված թունիսցիներից մեկը ավտոբուսի վարորդն է, մյուսը՝ ոստիկան: Նրա խոսքով' զոհված զբոսաշրջիկների թվում եղել են չորս իտալացի, երկու կոլումբիացի, երկու ֆրանսիացի, հինգ ճապոնացի, մեկ լեհ, մեկ ավստրալացի և երկու իսպանացի: Ինչ վերաբերում է վիրավորներին, վարչապետը նշել է իտալացի, ֆրանսիացի, ճապոնացի, թունիսցի, լեհ, հարավաֆրիկացի և մեկ ռուս զբոսաշրջիկների վիրավորվելու մասին: Ընդհանուր առմամբ արձանագրվել է 44 վիրավոր:

 

Վարչապետը նաև նշել է, որ հինգ ահաբեկիչները, որոնք ներխուժել են «Բարդո» թանգարան, կրել են զինվորական հագուստ: Նա հարձակումը համարել է Թունիսի կայունությունը խաթարելու փորձ: Ավելի վաղ տեղեկություններ են հաղորդվել 22 զոհի և 42 վիրավորի մասին:

 

Թունիսի նախագահ ալ Բաջի Կաիդ աս Սուբսին խոստացել է անողոքաբար պայքարել ահաբեկչության դեմ: Նա վստահեցրել է, որ կհաղթեն ահաբեկչական կազմակերպություններին և կոչնչացնեն նրանց:

 

Մարտի 18-ին զինված անձինք մեքենայով մոտեցել են Թունիսի խորհրդարանի շենքին և կրակ բացել: Ապա նրանք ներխուժել են խորհրդարանի մոտ գտնվող «Բարդո» թանգարան և գերի վերցրել զբոսաշրջիկներին: Հակաահաբեկչական գործողությունների ընթացքում երկու ահաբեկիչ է սպանվել: Հարձակման ժամանակ թանգարանում մոտ 100 մարդ է եղել: «Բարդո»-ն համարվում է Թունիսի ամենամեծ թանգարանը, որտեղ մշտապես մարդաշատ է լինում: