Թուրքիայի կառավարության կողմից «Ներքին անվտանգության» մասին նոր փաթեթի ընդունումից հետո, որով այդ երկրում սահմանափակումներ են դրվել զանգվածային միջոցառումների վրա եւ արգելվել չարտոնված ակցիաները, ոստիկանությունը բռնություններ է կիրառել քրդաբնակ տարածաշրջաններում այսօր սկսված շիաների Նովրուզի տոնակատարությունների մասնակիցների դեմ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Demokrat Haber-ը, այսօր առավոտյան ոստիկանությունը հարձակվել է Բաթմանում Նովրուզը տոնելու հավաքված քրդերի վրա եւ ցրել զանգվածային ակցիան: Պատճառն այն է եղել, որ տոնի մասնակիցները «պետականորեն չարտոնված» լոզունգներ են հնչեցրել:

 

Ոստիկանությունը միջամտել է նաեւ Վանում Նովրուզի տոնակատարությանը: Վանի քուրդ բնակչությունը Նովրուզի տոնը նշելու համար հավաքվել է Մշակույթի այգում: Աննախադեպ ժողովրդական տոնը սկսվել է «Բավական է' ազատություն առաջնորդ Ափոյին (Օջալան)» կարգախոսով: Մասնակիցները ձեռքներին բռնել են իրաքյան Քուրդիստանի դրոշներ եւ քրդական ազգային խորհրդանիշներ: Այն պահին, երբ մի խումբ երիտասարդներ քրդական դրոշներով փորձել են բարձրանալ Վանի պատմական բերդ, ոստիկանությունը գազային ռումբեր է նետել նրանց եւ հավաքվածների վրա: Չնայած ոստիկանության միջամտությանը, ակցիայի մասնակիցները շարունակում են տոնակատարությունը:

 

Կայքը հայտնում է, որ Վանի բնակչությունը որոշել է տոնակատարությունը շարունակել մինչեւ այն պահը, երբ Դիարբեքիրում (պատմական Տիգրանակերտ), որը թուրքաբնակ քրդերը համարում են իրենց մայրաքաղաքը, պաշտոնապես կընթերցվի Քուրդիստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի' Նովրուզի կապակցությամբ բանտից հղած ուղերձը քուրդ ժողովրդին: