Թուրքիայի կառավարության հանձնարարությամբ' Ներքին գործերի նախարարությունը 22 նահանգներում անցկացրած հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալալել է 67 ոստիկանների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից արված հայտարարության համաձայն' ձերբակալված ոստիկանները կասկածվում են լրտես ության եւ ապօրինի գաղտնալսում կատարելու մեջ:

 

Նշվում է, որ որոշում է ընդունվել ոստիկանության եւս 115 աշխատակիցների բերման ենթարկելու եւ ձերբակալելու մասին:

 

Նրանց շարքերում են ինչպես շարքային, այնպես էլ բարձրաստիճան ոստիկաններ: Ձերբակալվածների թվում են նաեւ անցյալ դեկտեմբերին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալը բացահայտած, 17-25 հակակառուպցիոն գործողությունները ղեկավարած բարձրաստիճան իրավապահներ:

 

Ոստիկանների «որսը» իրագործվում է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հրահանգով: Նման քայլը պայմանավորված է այն բանով, որ իրավապահները կասկածվում են Էրդողանին ատելության թիրախի վերածած Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների հետ կապեր ունենալու մեջ:

 

Դեկտեմբերի կեսերին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալից հետո, որով բացահայտվել է թուրքական կառավարության անդամների, այդ թվում' վարչապետի, նրա որդու, փեսայի եւ դստեր խոշոր կոռուպցիոն գործարքները, Էրդողանը հայտարարել է, որ դրա հետեւում կանգնած են Ֆեթուլլահ Գյուլենի գաղափարակից «գյուլենական համայնքի» հետեւորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը:

 

Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն:

 

Ֆեթուլլահ Գյուլենի կողմից ղեկավարվող համայնքը Թուրքիայում, Ադրբեջանում եւ մի շարք երկրներում ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարական կազմակերպություններ: Թուրքական կառավարությունը որոշել է 2014թ-ի սեպտեմբերից փակել գյուլենական համայնքին պատկանող բոլոր կրթական եւ հասարակական հաստատությունները: