Թուրքիայի բազմաթիվ քաղաքներում այսօր հակաիսրայելական զանգվածային ցույցեր են սկսվել Իսրայելի կողմից Գազայի հատվածի վրա հարձակման եւ Պաղեստինում ցամաքային ռազմական գործողություններ իրագործելու դեմ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» թերթը, ցուցարարների խումբը հավաքվել է Ստամբուլի Լեւենթ թաղամասում գտնվող Իսրայելի գլխավոր հյուպատոսության շենքի առջեւ: Նրանք պաղեստինյան դրոշներ են ճոճել եւ բացականչել. «Ողջո~ւյն Ստամբուլից' Գազայի դիմադրությանը», «Մարդասպան Իսրայել, հեռացի՛ր Պաղեստինից», «ՀԱՄԱ, հարվածի՛ր Իսրայելին»: Ոստիկանությունը չի միջամտել մինչեւ այնքան ժամանակ, երբ ցուցարարները ջարդել են գլխավոր հյուպատոսության դռները եւ փորձել ներխուժել շենք: Ոստիկանությունն արցունքաբեր գազ եւ ջրաշիթեր է կիրառել, ինչից հետո ամբոխը նահանջել է:
Անկարայում մոտ հազար ցուցարարներ հավաքվել են Իսրայելի դեսպանի նստավայրի առաջ: Նրանք քարեր են նետել շենքի վրա եւ այգու պատի վրա կախել Պաղեստինի դրոշը: Շենքը շրջապատել եւ ցուցարարների հնարավոր հարձակումից պաշտպանել են ոստիկանները:
Ադանայում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսության շենքի առաջ հավաքված ցուցարարները հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ: Ակցիայի մասնակիցները Ղուրան են կարդացել, նամազ արել, որից հետո սկսել են հակաիսրայելական լոզունգներ հնչեցնել:
Իզմիրում 25 մարդուց բաղկացած խումբը քաղաքի կենտրոնական հրապարակում աղոթքներ է կարդացել զոհված պաղեստինցիների համար, հետո լոզունգներ հնչեցրել ի պաշտպանություն Գազայի հատվածի բնակիչների:
Հուլիսի 7-ից Իսրայելը ռազմական գործողություններ է իրականացնում Գազայի հատվածում, որի նպատակը պաղեստինյան հրթիռակոծումների երաշխավորված եւ երկարաժամկետ դադարեցումն է: Չնայած այդ գործողություններին, պաղեստինցի մարտիկները շարունակում են Իսրայելի հարավի եւ կենտրոնի խոշոր քաղաքների ռմբակոծությունները: Ռմբակոծությունների գոտում բնակվում են Իսրայելի 8 միլիոն քաղաքացիներից 5 միլիոնը: