«Իսլամական պետությունը» Մոսուլի մերձակայքում գտնվող Ալ Համդանիե քաղաքում հնագույն քրիստոնեական վանք է ոչնչացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, այն նախ թալանել ու ավերել են, հետո ականապ ատել և պայթեցրել: Վանքը կառուցել էր ասորական Սենեքերիմ թագավորն' իր որդուն սպանելուց հետո ապաշխարելու համար:

 

Տասնյակ դարեր շարունակ այն պատկանել է Նեստորական եկեղեցուն, որից հետո տնօրինվել է Սիրիական ուղղափառ եկեղեցու կողմից: Մինչև 1790թ. այն եղել է սիրիական ուղղափառ շատ պատրիարքների հանգստավայրը, քանի դեռ չէր փոխանցվել կաթոլիկ եկեղեցուն: Ութ տարի անց Սիրիական ուղղափառ եկեղեցին կրկին հետ է ընդունել այն:

 

Արաբական աղբյուրները փոխանցում են, որ «Իսլամական պետությունը» համացանցում տեսանյութ է տարածել, որտեղ ցուցադրվում է քրդական փեշմերգա ուժերի 3 անդամների սպանությունը: Դեպքը տեղի է ունեցել Իրաքի հյուսիսում: Վեց րոպե տևողությամբ տեսանյութում ցուցադրվում է քրդական ուժերի անդամները, որոնք կրում են նարնջագույն հագուստ:

 

«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքում: 2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանո ւմը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի զինյալներ: