ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է «Փրկենք գայլերին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Կարինե Փանոսյանին, անդամներ Սիլվա Ադամյանին («Թռչնասերների կենտրոն» ՀԿ), Կարինե Դանիելյանին («Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ), Նարե Արամյանին և Լիլիթ Գրիգորյանին:

 

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, նախաձեռնության անդամներն իրենց մտահոգությունն են հայտնել ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանի տարածքում իրականացված գայլերի թվաքանակի կարգավորման միջոցառումենրի վերաբերյալ և տեղեկացրել, որ ցանկանում են ՀՀ բնապահպանության հետ համագործակցելով գտնել խնդրի լուծման նաև այլ ուղիներ:

 

 

ՀՀ բնապահպանության նախարարը շնորհակալություն հայտնելով խնդրի վերաբերյալ քննարկման նախաձեռնության և համագործակցության առաջարկի վերաբերյալ' նշել է, որ վերջին տարիներին գայլերի թվաքանակի աճն առաջ էր բերել սոցիալ-տնտեսական, ինչպես նաև բնապահպանական լուրջ խնդիրներ: Զգալի վնաս էր հասցվում ինչպես ընտանի կենդանիներին, ինչն էլ պատճառ է հանդիսացել ՀՀ կառավարության կողմից համապատասխան միջոցառումներ իրականացնելու որոշման համար: Արամայիս Գրիգորյանը տեղեկացրել է, որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ոչնչացված գայլերն իրենց բնական էկոհամակարգերում գոյություն ունեցող ոհմակներից դուրս քշված երիտասարդ կամ ծեր առանձնյակներ են, որոնք նոր տարածքներ զբաղեցնելու և կեր գտնելու նպատակով մոտենում են բնակավայրերին: Նախարարը շեշտել է, որ գայլերի որսը թույլատրվել է միայն բնակավայրերի հարակից տարածքներում:

 

 

Նախաձեռնության անդամներն առաջարկել են խնդիրը լուծել նաև անտառային տարածքների ավելացմամբ, էլեկտրական հովիվների և արհեստական կերակրման միջոցով:

 

 

Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հայտնել է, որ Հայաստանում անտառապատ տարածքների ավելացման ուղղությամբ քայլեր են արվում, մասնավորապես' ՀՀ բնապահպանության նախարարին կից կոլեգիայի նիստում առաջարկվել է գիտական հիմնավորումներով նախանշել այնպիսի տարածքներ, որտեղ հնարավոր կլինի անտառներն արդյունավետ տնկել, սակայն ինչպես այդ, այնպես էլ հնչած մյուս միջոցները իրագործելու համար ժամանակ է հարկավոր և նախարարությունն աշխատանքներ է տանում դրանց ուղղությամբ: Նախաձեռնության անդամներն առաջարկել են նաև խնդրի օրե նսդրական լուծման ճանապարհը:

 

 

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն առաջարկել է հնչած բոլոր առաջարկները ներկայացնել գրավոր, որպեսզի դրանք քննարկվեն ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական և գիտատեխնիկական խորհուրդների նիստերի ժամանակ, որից հետո հնարավոր կլինի համապատասխան նախագծեր ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը: