Սինգապուրում համազգային սուգ է հայտարարված երկրի առաջին վարչապետի, այսպես կոչված սինգապուրյան տնտեսական հրաշքի ստեղծողի՝ Լի Կուան Յուի մահվան կապակցությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Համապատասխան կարգադրությունն արել է մահացածի որդին՝ Սինգապուրի կառավարության ղեկավար Լի Սյանլունը: Փաստաթղթի տեքստը հրապարակված է Facebook-ի նրա էջում:

 

Ազգային սուգը կտեւի մարտի 23-ից մինչեւ 29-ը: Այդ ժամանակահատվածում կառավարական բոլոր շենքերի վրա կխոնարհվեն պետական դրոշները: Մարտի 25-ին Լի Կուան Յուի մարմինը կտեղափոխվի խորհրդարանի շենք, որտեղ երեք օրվա ընթացքում քաղաքացիները կկարողանան հրաժեշտ տալ երկրի առաջին վարչապետին:

 

Հուղարկավորության արարողությունը կկայանա մարտի 29-ին Սինգապուրի ազգային համալսարանի մշակութային կենտրոնում:

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ «խորապես վշտացած է Լի Կուան Յուի մահվան կապակցությամբ»: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Սինգապուրի առաջին վարչապետին անվանել է «պատմության հսկա»: Իրենց ցավակցությունն են հայտնել նաեւ Չինաստանի իշխանությունները՝ նրան գնահատելով որպես Ասիայի բացառիկ պետական գործիչ:

 

Լի Կուան Յուն երկրի կառավարությունը գլխավորել է 1959 թվականից, 1990 թվականին նրան փոխարինել է Գո Չոկ Տոնգը: Նրա ղեկավարությամբ Սինգապուրը վերածվել է Հարավարեւելյան Ասիայի ֆինանսական կենտրոնի: Վարչապետը դրան հասել է օտարերկրյա ներդրողների ներգրավման, տնտեսության բարձրտեխնոլոգիական հատվածի զարգացման, կոռուպցիայի եւ մաֆիայի դեմ պայքարի, քաղաքացիների կրթության գործում ներդրումների շնորհիվ: