Էկվադորի առաջնորդ Ռաֆայել Կորեան Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի մահվան կապակցությամբ երկրում եռօրյա սուգ է հայտարարել, տեղեկացնում է Взгляд-ը։
«Ուգոն կենդանի կմնա, նա կլուսավորի և ճանապարհ ցույց կտա... Նա հեղափոխություն արեց ինքնիշխանության, արժանապատվության, իրական ազատության, արդարության, երջանկության համար»,-հայտարարել է Էկվադորի նախագահը՝ նշելով, որ Չավեսը մահացել է առավել արդար, մարդկային աշխարհի համար և չի կարելի նրան մահացած համարել։
Ուգո Չավեսի մահը սգում է նաև Կուբայի ժողովուրդն ու իշխանությունը։
«Կուբայի ժողովուրդն ու հեղափոխական կառավարությունը խոր ցավով տեղեկացավ Ուգո Չավեսի մահվան մասին։ Մենք նրան համարում ենք մեր ամենակարկառուն զավակներից մեկը։ Չավեսը նաև կուբացի է։ Նա կարծես Ֆիդելի (Կաստրո) հարազատ զավակը լիներ, իսկ նրա ընկերությունը Ռաուլի (Կաստրո) հետ անկեղծ էր»,-ասված է իշխանության տարածած հաղորդագրության մեջ։
Այսօրվանից Կուբայում ևս եռօրյա սուգ է հայտարարված։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Վենեսուելայի նախագահի մահվան կապակցությամբ հղած պաշտոնական գրության մեջ ընդգծել է, որ Չավեսը վճռական իմպուլս էր հաղորդում տարածաշրջանի ինտեգրման գործընթացներին։
Բան Կի Մունն անդրադարձել է նաև Չավեսի խաղաղարարական ջանքերին։
ՄԱԿ-ի քարտուղարը ցավակցություն է հայտնել Չավեսի ընտանիքին, Վենեսուելայի իշխանությանն ու ժողովրդին և խոստացել է, որ ՄԱԿ-ը շարունակելու է համագործակցել նրանց հետ՝ հանուն զարգացման ու բարգավաճման։