Իրինա Վլախը հաղթանակ է տարել Գագաուզիայի ինքնավարության բաշկանի (ղեկավարի) ընտրություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Գագաուզիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վալենտին Կարան:

 

«Նախնական տվյալներով՝ Վլախի օգտին քվեարկել է ավելի քան 35 հազար ընտրող, ինչը կազմում է ձայների 53,2 տոկոսը»,- ասել է Կարան: Նրա խոսքով՝ Կոմրատի (Գագաուզիայի վարչական կենտրոնի) քաղաքագլուխ Նիկոլայ Դուդողլոյի օգտին իրենց ձայնը տվել են ավելի քան 12 հազար ընտրողներ, ինչը կազմում է 18,2 տոկոս:

 

Երրորդ տեղում բաշկանի նախկին տեղակալ Վալերի Յանիօղլոն է, որը հավաքել է 5 հազար ձայն (7,65 տոկոս):

 

Ընտրություններին մասնակցել է ընտրացուցակներում ներառված 106 հազար ընտրողների շուրջ 58 տոկոսը:

 

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, Իրինա Վլախն իր նախընտրական ծրագրում հանդես էր գալիս ինքնավարության զարգացման եվրասիական վեկտորի օգտին եւ վայելում էր Մոլդովայի սոցիալիստների կուսակցության աջակցությունը: Մինչ այժմ Վլախը եղել է Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր: Օրենսդրության համաձայն՝ Գագաուզիայի ինքնավարության բաշկանը դառնում է Մոլդովայի կառավարության անդամ: