Լեհաստանը մեծ անհանգստությամբ է հետեւում ԼՂ հակամարտության գոտում լարվածության աճին եւ գտնում, որ միակ ճիշտ ձևաչափը, որ կարող է նպաստել խնդրի խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: «Բոլոր հարցերը պետք է կարգավորվեն այդ խմբի շրջանակում եւ քաղաքական բոլոր գործիչները պետք է շահագրգիռ լինեն այս հարցում խաղաղ լուծում տալուն: Լեհ դիվագագետները ներգրավված են ԵԱՀԿ շրջանակներում, եւ ես կարծում եմ, որ Մինսկի խմբից առավել լավ ձեւաչափ գոյություն չունի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Լեհաստանի դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին:
Հարցին' չի տեսնում արդյոք հակասություն այն առնչությամբ, որ Հայաստանն ու Մինսկի խմբի համանախագահները խոսում են մի լեզվով, իսկ Ադրբեջանը' մեկ այլ, դեսպանն ասաց. «Մեր խնդիրը չէ գնահատական տալ եւ դատավորի դերում հանդես գալ: Մեր խնդիրն է աջակցել, որ այդ ելքերը գտնվեն: Եթե հանդես գայի իմ երկրորդ մասնագիտությամբ' որպես լրագրող, ես գուցե իմ կարծիքը հնչեցնեի, սակայն այս պարագայում ես հայելու մյուս կողմից եմ հանդես գալիս' որպես դիվանագետ»,- ասաց դեսպանը:
Անդրադառնալով դիտարկմանը, որ խնդրի լուծման համար առաջին հերթին անհրաժեշտ է բանակցությունների սեղան վերադարձնել ԼՂՀ-ին, դեսպանն ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի պետությունները պետք է որոշեն' ինչ ձեւաչափով պետք է ընթանան բանակցությունները:
«Այս կամ այն խորհուրդները կամ առաջարկները այս կամ այն դիվանագետների կողմից կարող են խանգարել խնդրի կարգավորմանը: Դիվանագետների խնդիրն այն է, որ լուռ գործեն, հնարավորության սահմաններում նրանց աշխատանքը քիչ լուսաբանվի ԶԼՄ-ներում: Անենք առավելագույնը, որ սանիտիմետր առ սանտիմետր առաջ ընթանանք: Մի շատ ճիշտ սկզբունք կա, որին հետեւում են բժիշկները' անել առավելագույնը, որ չվնասենք»,- ասաց դեսպանը:
Մարտի 19-ին' ժամը 08:30-ի սահմանում ,Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին փախուստի մատնվել, այնուհետեւ, հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին' իրենց դիրքերի մատույցներում: Հակառակորդին դիմագրավելու ժամանակ հայկական կողմը ունեցել է կորուստներ: Զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) եւ Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի եւս 4 զինծառայողներ վիրավորվել են, նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է: Հայկական կողմի տվյալներով, Ադրբեջանի կողմից դիվերսիայի ժամանակ ոչնչացվել է հակառակորդի առնվազն 12 զինծառայող: