Գերմանական ոստիկանությունը կարեւոր հանցանշան է գտել օդաչու Անդրեաս Լյուբիցի տանը, որին համարում են Germanwings ավիաընկերության ինքնաթիռի աղետի մեղավորը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 27-ին իր կայքում գրել է Daily Mail թերթը:
«Խուզարկուները հայտարարել են, որ իրենք «կարեւոր իր» են գտել նրա բնակարանում չորս ժամ տեւած խուզարկության ընթացքում, բայց ասել են, որ դա մահառաջի գրություն չի եղել»,- գրում է թերթը:
«Երեկ երեկոյան ոստիկանները խուզարկություն են կատարել Ֆրանկֆուրտից հյուսիս գտնվող փոքր քաղաքում Լյուբիցի ընտանիքի տանը եւ Դյուսելդորֆի բնակարանում՝ բռնագրավելով համակարգիչը, լեփթոփը եւ այլ նյութեր»,- նշում է հրատարակությունը: Ինչպես հաղորդվում է, օդաչուն ապրել է թե իր բնակարանում, թե իր ծնողների տանը:
Daily Mail-ը մեջբերել է ոստիկանության ներկայացուցչի խոսքը. «Մենք գտել ենք մի բան, որը կենթարկվի թեստերի: Այժմ մենք չենք կարող ասել՝ ինչ է դա, բայց այն կարող է տեղի ունեցածի շատ կարեւոր բանալի լինել»:
Հրատարակությունը նաեւ նշել է, որ օդաչուի մոտ ընկճախտի շրջաններ են դիտվել:
Ինչպես ենթադրում են քննիչները, Germanwings-ի ինքնաթիռի կործանումը մարտի 24-ին տեղի է ունեցել Անդրեաս Լյուբիցի մեղքով, որը մենակ է մնացել խցիկում, երբ նրա գործընկերը դուրս է եկել այնտեղից: Լյուբիցը փակել է խցիկը, որպեսզի անձնակազմի հրամանատարին թույլ չտա վերադառնալ եւ սկսել է իջեցնել օդանավը, ինչից հետո այն բախվել է լեռանը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: