Թուրքիայում բնակվող փոքրամասնությունները, այդ թվում և հայերը, երկար տարիներ ապրելով այդ տարածքներում, մինչ օրս չեն կարողանում իրենց զգալ պետության լիիրավ քաղաքացիներ: Ժողովրդի մեջ հայերի նկատմամբ ձևավորված «թշնամու», «դավաճանի» կարծրատիպերը ստիպում են հայերին օտարված զգալ այն հասարակության մեջ, որտեղ ապրում են: Այդուհանդերձ, ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող պատմական հայկական բնակավայրերում մնացած հայերի շրջանում շարունակվում է սեփական ինքնությանը վերադառնալու դրական միտումը: «Արմենպրես»-ը խոսել է Մալաթիայի հայերի միության նախագահ Գարբիս Էվյափանի հետ, ում գլխավորած Մալաթիա «ՀայԴեր» կազմակերպությունը ևս մեծ աշխատանք է տանում ոչ միայն հայերի ինքնության պահպանման, այլև հայկական կոթողների վերականգնման համար:
-Այսօր քանի՞ հայ է բնակվում Մալաթիայում: Նրանք թաքցնո՞ւմ են իրենց ինքնությունը, թե բացահայտ խոսում ենդրա մասին:
-Այս պահին Մալաթիայի հայերը շուրջ 60-ն են: Նրանք բոլորն էլ բացահայտ նշում են, որ հայ են, չեն թաքցնում իրենց ինքնությունը:
-Կպատմե՞ք Մալաթիայի հայերի միության՝ «ՀայԴեր»-ի մասին: Սեփական արմատներին վերադառնալ ցանկացող հայերի համար միությունն ի՞նչ գործունեություն է ծավալում:
-Մալաթիայի «ՀայԴեր» միությունը հիմնվել է 2010 թվականին: Մինչ օրս այն տարբեր միջոցառումներ է իրականացրել Ստամբուլում և Սփյուռքում բնակվող մալաթիացի հայերի հետ հարաբերությունները զարգացնելու նպատակով: Այն ոչ միայն կազմակերպել է տարբեր միջոցառումներ, այլև մասնակցել է իսլամացված հայերի կոնֆերանսին, պատրիարքի և վաքըֆների ընտրությանն առնչվող քննարկումներին և առհասարակ այն միջոցառումներին, որոնցում քննարկվել են հայերին հուզող հարցեր: Միևնույն ժամանակ, Սուրբ ծննդի, Զատիկի, Բարեկանդանի նման կրոնական տոներին, մեր ավանդույթները կյանք ի կոչելով, կազմակերպում ենք հավաքներ: Բացի այդ, կատարվել է Մալաթիայի հայերի պատմությունը ներառող գիրքը, որը շատ շուտով լույս կտեսնի: Շարունակվում են նաև բանավոր պատմության շուրջ տարվող աշխատանքները:
Մալաթիայում, համեմատած մյուս շրջանների հետ, քիչ է արմատապես իսլամացած հայերի թիվը: Մեր միությունը աշխատանքներ է տանում նրանց՝ հայկական համայնք ինտեգրելու նպատակով:
-Ի՞նչ վիճակում են Մալաթիայում հայերից մնացած մշակութային կոթողները:
-Ավարտվել են Մալաթիայի հայկական գերեզմանատան անվտանգությանն ուղղված աշխատանքները, ծառատունկը, զոհասեղանի և դիակի լվացման վայրի կառուցումը: Դեռևս շարունակվում է տեղի երկու կիսավեր հայկական եկեղեցու վերանորոգումը:
-Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Մալաթիայում հիշատակի միջոցառումներ իրականացվելո՞ւ են:
-Քանի որ մեր միությունը հիմնվել է Ստամբուլում, այն հիմնական գործողությունները ծավալում է հենց այստեղ. մենք կմասնակցենք Ստամբուլի միջոցառումներին: Իսկ Մալաթիայում հնարավոր հիշատակի միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ որոշում կկայացնեն տեղացիները:
-Սպասո՞ւմ եք, որ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
-Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Հատկապես կարևոր է այն, որ թուրքական պետությունը սահմանադրորեն պետք է ընդունի փոքրամասնություններին որպես իր երկրի հավասար քաղաքացիներ, ովքեր արդեն 100 տարի է՝ ապրում են Լոզանի պայմանագրի հովանու տակ: Բացի այդ, պետությունը պետք է ապահովի այնպիսի միջավայր, որտեղ հայերը կկարողանան ազատորեն դավանել իրենց կրոնը, ապրել իրենց պատմական ինքնությամբ: Պետությունը պետք է վերադարձնի նաև հայերից խլված գույքը: Անհրաժեշտ է, որ պետությունը հատուկ կրթական քարոզչություն սկսի, որը կվերացնի ժողովրդի ուղեղ ներում առկա այն կարծրատիպերը, որով հայերի հետ են կապում «վրեժի», «հայրենիքի դավաճանի», «գյավուրի» գաղափարները, պետք է ժողովրդին ներկայացվի, որ հայերը, և ոչ միայն նրանք, այս երկրի հիմնական տարրերն են: Այն ժամանակ, երբ մարդիկ ոչ թե պետության պարտադրանքով, այլ սեփական կամքով սկսեն հավատալ այս ամենին, խնդիրները մեծամասամբ լուծված կհամարվեն: Մենք հատկապես ցանկանում ենք լինել սահմանադրորեն հավասար իրավունք ունեցող քաղաքացի:
Հարցազրույցը` Արաքս Կասյանի