ԱՄՆ-ը եւ Կորեայի Հանրապետությունը մարտի 27-ին լայնածավալ համատեղ զորավարժություններ են սկսել դաշնակիցների զինված ուժերի դեսանտային գործողությունների անցկացման ընթացքում օպերատիվ համատեղելիությունը մեծացնելու նպատակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ԿՀ-ի ռազմածովային ուժերի շտաբի ներկայացուցիչը:
Երկրի հարավ-արեւելքի Պհոհանի շրջանում հնգօրյա զորավարժությունների ընթացքում կիրականացվի դեսանտի ափհանում:
«Վարժանքներում ներգրավված են երկու երկրների մինչեւ 7,6 հազար ծովային հետեւակայիններ ու նավաստիներ, 30 նավ, 80 միավոր ավիացիոն եւ 40 միավոր զրահատանկային տեխնիկա: Դրանց թվում են ԱՄՆ-ի ՌԾՈՒ-ի երեք դեսանտային նավեր՝ Bonhomme Richard-ը, Green Bay-ը եւ Ashland-ը»,- հայտնել են նավատորմի շտաբում:
Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը, զորավարժությունները ներկայում ընթացող Foal Eagle ամենամյա ամերիկա-հարավկորեական վարժանքների բաղկացուցիչ մասն են, որոնք մեկնարկել են մարտի 2-ին եւ կավարտվեն ապրիլի 24-ին: Այդ զորավարժություններում, որոնց մասնակցում են երկու երկրների ցամաքային զորքերը, ռազմածովային եւ ռազմաօդային ուժերը, ներգրավված են 200 հազար հարավկորեացի եւ 3,7 հազար ամերիկացի զինծառայողներ: