Եմենի Նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադից մեկնել է Եգիպտոս՝ Շարմ ալ Շեյխ քաղաքում մասնակցելու արաբական երկրների գագաթնաժողովին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Սաուդյան Արաբիայի գլխավորած ռազմական դաշինքի օդանավերը շարունակում են Եմենում ռմբակոծել շիա ապստամբների դիրքերը: Մասնավորապես, վերջին ժամերին ռմբակոծվել է Սալիֆ շրջանը, որը գտնվում է Եմենի արևմուտքում:
Ռազմակավարական կարևոր նշանակություն ունեցող Բաբ էլ Մանդեբի նեղուցը այժմ գտնվում է Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի ռազմածովային ուժերի հսկողության տակ:
Իրանական լրատվամիջոցների տեղեկացմամբ' «Անսար Ալլահ» շիական շարժումը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողություններ սկսել Սաուդյան Արաբիայի դեմ: Շիաները պատրաստվում են հրթիռակոծել նեղուցով անցնող նավերը:
Եմենում Սաուդյան Արաբիայի ռազմական գործողությունների հետևանքով 40 մարդ է զոհվել, որոնց մեծամասնությունը խաղաղ բնակիչներ են, այդ թվում՝ կանայք և երեխաներ:
«Վճռականության փոթորիկ» գործողությունները Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ սկսվել են մարտի 26-ի գիշերվանից: Ռմբակոծության են ենթարկվել Եմենի բնակելի թաղամասերը, պետական հաստատություններ, կարևոր նշանակություն ունեցող օբյեկտներ:
Սաուդյան Արաբիային աջակցում են Բահրեյնը, Կատարը, Քուվեյթը և ԱՄԷ-ն: Դաշինքին միացել են Եգիպտոսը, Հորդանանը, Մարոկոն, Պակիստանը և Սուդանը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Սաուդյան Արաբիայի ռազմական գործողություններին մասնացկում են հարյուր ռազմական օդանավեր: Մինչդեռ շիա ապստամբները հայտարարել են 30 օդանավերի մասին՝ նշելով, որ նման մեծ թիվ հայտարարելով՝ փորձել են հոգեբանական ճնշում գործադրել իրենց վրա: