Եմենի Նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադին Եմենի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Իսմայիլ ուլդ Շեյխ Ահմեդին է փոխանցել պահանջների ցանկը, որոնք պետք է կատարեն շիա ապստամբները՝ հոուսիները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, խոսքն, առաջին հերթին, ՄԱԿ-ի 2216 բանաձևը կատարելու մասին է, որը կոչ է անում կողմերին դադարեցնել կրակը և վերսկսել երկխոսությունը: Բանաձևը նաև պահանջում է շիաներից իրենց ուժերը հեռացնել մայրաքաղաք Սանայից և այլ շրջաններից, ինչպես նաև հանձնել կառավարական ուժերից առգրաված զենքերը:

 

Նախագահի պահանջների ցանկում նշվել է նաև կրակի 15-օրյա ամբողջական դադարեցման և ապստամբների հսկողության տակ գտնվող տարածքներում մարդասիրական օգնության տրամադրման թույլտվության մասին: Կառավարությունը նաև կոչ է արել ազատ արձակել ձերբակալվածներին, մասնավորապես պաշտպանության նախարար Մահմուդ աս Սուբեյհիին: Բացի այդ, պետք է հանձնել բոլոր պետական ու ռազմական օբյեկտները կառավարական ուժերին, ինչպես նաև հանձնել ծանր զենքերը:

 

Եմենի կառավարությունը նաև նպատակադրվել է ստեղծել ռազմական դիտորդների խումբ' միջազգային կազմակերպությունների մասնագետներից և միազգային համաժողով գումարել Եմենի վերականգնման համար:

 

Նախագահի պահանջները ՄԱԿ-ի բանագնացը մոտ ժամանակներս կներկայացնի «Անսար Ալլահ» շարժման ներկայացուցիչներին և նրանց կողմից հանդես եկող' Եմենի նախկին նախագահ Ալի Աբդ Ալլահ Սալեհին: