Ֆրանսիայի Էքս ան Պրովանս քաղաքի Հանրային մենեջմենտի և տարածքային կառավարման պետական ինստիտուտում (IMPGT) մարտի 27-ին տեղի է ունեցել հանրային մարքետինգի և հաղորդակցության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողների ավարտական դիսերտացիաների պաշտպանությունը՝ «Լեռնային Ղարաբաղի համար տարածքային մարքետինգի և հաղորդակցության ռազմավարության մշակումը» թեմայով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, երեսունհինգ ուսանողներ պաշտպանել են «Լեռնային Ղարաբաղ՝ բացահայտման հիացմունք», «Լեռնային Ղարաբաղ՝ թաքնված գանձ», «Լեռնային Ղարաբաղ՝ մի տարածք, մի ինքնություն, մի ծրագիր», «Չասեք ոչ մեկին» և «Կովկասի մարգարիտ Լեռնային Ղարաբաղ» վերնագրերով իրենց դիսերտացիաները:
Վերը նշված դիսերտացիաներում՝ ուսանողները ներկայացրել են իրենց առաջարկներն այն հարցի շուրջ, թե հաղորդակցության և մարքետինգի ինչպիսի ռազմավարություն պետք է որդեգրի արտերկրում շատերին անծանոթ Լեռնային Ղարաբաղը՝ զբոսաշրջության և տնտեսության ոլորտներում գրավչությունը մեծացնելու նպատակով:
Ժյուրին, որի կազմում էին Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի նախագահ, պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը, շրջանակի անդամ սենատորներ Սոֆի Ժուասենը և Միշել Ամիելը, ինստիտուտի դասախոս, Լե Պեն-Միրաբոյի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Ֆիլիպ Գալլոն, ֆակուլտետի դեկան Քրիստոֆ Ալոն և Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, լավագույն աշխատանքներ են ճանաչել «Լեռնային Ղարաբաղ՝ թաքնված գանձ» և «Չասեք ոչ մեկին» վերնագրերով դիսերտացիաները: