Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 2014 թվականին զբաղվածների թիվը հասել է 11 հազար 564-ի, ինչի արդյունքում մոտ 10 տոկոս աճ է արձանագրվում 2013-ի համեմատ: Տեխնիկական մասնագետների թիվը հասել է 9 հազար 567-ի, որոնց շարքում են ծրագրային ապահովման ճարտարագետները, վերլուծաբանները, ծրագրավորողները, ՏՏ ծրագրերի ղեկավարները և այլն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այս են վկայում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի' 2014 թվականին Հայաստանում ՏՀՏ ոլորտի ամենամյա հետազոտության արդյունքները:

 

Հայկական ՏՀՏ ոլորտում աշխատակիցների մեծամասնությունը արական սեռի ներկայացուցիչներն են'66 տոկոս: Ծրագրային ապահովման և ծառայությունների ոլորտի կին աշխատողների թիվը 2013թ.-ի համեմատ ավելացել է 3%-ով:

 

Տեղական և օտարերկրյա ընկերություններում աշխատում է ամբողջ աշխատուժի համապատասխանաբար 44 և 56 տոկոսները (2008թ. այս հարաբերակցությունը եղել է 50/50): Տեղական ընկերություններում զբաղված աշխատողների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 1 տոկոսով:

 

Տեղական ընկերություններում կրտսեր տեխնիկական աշխատողի միջին աշխատավարձը տատանվում է 250-300 ԱՄՆ դոլարի սահմաններում, իսկ ավագ մասնագետների աշխատավարձը հասնում է 3 հազար ԱՄՆ դոլարի: Օտարերկրյա բաժնեմասնակցությամբ ընկերություններում տեխնիկական մասնագետի աշխատավարձի չափը կազմում է 400-ից 3.5 հազար ԱՄՆ դոլար:

 

Ընկերությունների բաշխումն ըստ նրանց աշխատակիցների թվի 2014 թվականի համար էականորեն չի տարբերվում նախորդ տարվա ցուցանիշներից: Ինչպես և 2013-ին, ոլորտի ընկերություններում զբաղված մասնագետների թիվը զգալիորեն տատանվում է: Ընկերությունների ընդամենը 5 տոկոսում են աշխատում 100 և ավելի թվով մասնագետներ, ինչը կազմում է ամբողջ աշխատուժի 47 տոկոսը, իսկ 78 տոկոսում' 25-ից պակաս մասնագետներ, ինչը կազմում է ամբողջ աշխատուժի 30 տոկոսը: Հայաստանում ՏՀՏ ընկերությունների շարքում՝ ըստ աշխատուժի, գերակշռում են փոքր ձեռնարկությունները, ինչը հանդիսանում է ոլորտի արտադրողականության վրա բացասաբար ազդող գործոններից մեկը:

 

2013-2014թթ. Հայաստանում ՏՏ մասնագիտություններ առաջարկող ԲՈՒՀ-երում սովորել է 8 հազար 489 ուսանող, որոնցից 5 հազար 156 -ը սովորում են տեխնիկական կրթություն ապահովող հիմնական ԲՈՒՀ-երում: Այդ ուսանողների մոտ 60 տոկոսը սովորում է ԵՊՀ-ում և ՀՊՃՀ-ում: Հայաստանում սովորող օտարերկրացի ուսանողները, որոնց թիվն անընդհատ աճում է, հիմնականում ԱՊՀ-ից են, Մերձավոր Արևելքից, Եվրոպայից և այլ երկրներից: Վերջին 3-6 տարիների ընթացքում ուսանողների առաջադիմությունը բարձրացել է և ՏՏ-ին առնչվող ֆակուլտետներ ընդունվելը բավականին բարդացել է՝ հատկապես ԵՊՀ-ում և ՀՊՃՀ-ում: